ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե վթար է տեղի ունենում, եւ մեղավոր մեքենայի վարորդը փախչում է դեպքի վայրից, ապա այդ դեպքում մինչ ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելը ի՞նչ պետք է անի մյուս մեքենայի վարորդը:

Սարգիս Սահակյան (29 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքերում անհրաժեշտ է գրանցել դեպքի վայրը լքող մեքենայի հաշվառման համարանիշը եւ անմիջապես հայտնել այն ճանապարհային ոստիկանությանը եւ ապահովագրական ընկերությանը:
Եթե քաղաքացուն չի հաջողվել նկատել հաշվառման համարանիշը, ապա կարելի է փորձել ականատեսներից պարզել այն կամ ուշադրություն դարձնել տվյալ վայրում արտաքին տեսախցիկների առկայության վրա, որոնք, հնարավոր է, գրանցած լինեն պատահարը:
Ցանկացած դեպքում, եթե չի հաջողվել արձանագրել հաշվառման համարանիշը, պետք է հնարավորինս շատ տեղեկություններ հավաքագրել դեպքի վայրը լքած մեքենայի վերաբերյալ (մակնիշը, մոդելը, գույնը, այլ առանձնահատկությունները), որոնք կարող են օգնել ճանապարհային ոստիկանությանը կազմակերպել վերջինիս հետախուզումը:
Այդ գործողություններն իրականացնելիս պետք է լինել հետեւողական եւ ուշադիր, քանի որ եթե հնարավոր չլինի նույնականացնել դեպքի վայրը լքած մեքենան, ապա հնարավոր չի լինի հատուցել Ձեր գույքին պատճառված վնասը:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ կլիներ, որ մեր իրականության մեջ քիչ լինեին նման անբարեխիղճ վարորդներ, եւ բոլորը մինչեւ վերջ պատասխանատու լինեին իրենց արարքների համար, բայց, ամեն դեպքում, մեզ մնում է հորդորել մեր ընթերցողին` հետեւել նշված խորհուրդներին, որպեսզի հետագայում վնասից առաջացած ծախսերն ամբողջովին չմնան իր վրա:




Լրահոս