“Իրավունքի Եվրոպա միավորում” կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելին, ով արձանագրել էր Արարատի մարզի 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, պարզաբանումներ տալու համար տարել են ոստիկանություն, չնայած կազմակերպությունն արդեն իսկ իր իրավաբանին ուղարկել է, սակայն ընտրատեղամասում այդ պահին աշխատող լրագրողներից մեկն արձանագրել է, որ “դիտորդի վրա բռի կերպով են տարել ու բավական հուզված է եղել”: Այդ մասին հայտնում է “Մեդիա Կենտրոնը”:
Ըստ “Իրավունքի Եվրոպա միավորում” իրավաբան Ելեն Սահրադյանի, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե Նարինե Էսմայել անունով դիտորդ ընդհանրապես չկա, սակայն Սահրադյանը հավաստիացնում է, որ Նարինեն ԿԸՀ-ում քննություն հանձնած եւ վկայական ունեցող դիտորդ է:
“Նարինեն հենց իրենց մոտ է հանձնել քննությունը եւ ստացել վկայական, մենք ուզում ենք եւս մեկ անգամ հայտարարել, որ կա նման դիտորդ եւ արձանագրել է խախտումներ”,- ասել է Սահրադյանը:
Նշենք, որ Էսմայելին լցոնման դեպք էր արձանագրել Արտաշատի ավագ դպրոցում տեղակայված 17/05 տեղամասում: “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” հ/կ-ի լրագրող Արտակ Համբարձումյանը NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ ընտրատեղամաս է ներխուժել 25-30 երիտասարդ, բռնություն են կիրառել իր եւ դիտորդ Նարինե Իսմաիլիի նկատմամբ` “լիկվիդացնելով նրանց” եւ լցոնել քվեատուփը: