Վահան Մարտիրոսյանի անվան շուրջ նոր զարգացումներ են ծավալվում. կնոջը տարել են ոստիկանության բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր զարգացումներ են ծավալվում «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի անվան շուրջ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վահան Մարտիրոսյանի կնոջը տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ինչպես գրել էինք՝ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում էր տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են: Այդ հաղորդման հիման վրա մի քանի օր անց քրեական գործ հարուցվեց: Իր հերթին էլ պատգամավորը պատրաստվում դատի տալ ակտիվիստին՝ ապատեղեկատվություն տարածելու համար:

Այս դեպքից հետո ակտիվիստ Վահան Մարտիրոսյանն իր բնակարանում չէր ապրում, տեղափոխվել էր իր մտերիմներից մեկի՝ Ռուզան Մարգունու տուն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ռուզանը, որը գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող է, Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ապաստան է տվել: Իսկ ահա ավելի ուշ հայտնաբերել էր, որ իր տանից գումար է անհետացել, եւ դիմել էր ոստիկանություն: Կնոջ հայտարարության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով, քրեական գործ հարուցվեց: Ավելին՝ հարցաքննվեց եւ ստորագրությամբ ազատ արձակվեց նաեւ Վահան Մարտիրոսյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրերս ակտիվիստի կինը գնացել է Ռուզան Մարգունու տուն եւ խնդրել իրավապահներից դիմումը հետ վերցնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ակտիվիստի կինը խնդրել է Ռուզան Մարգունուն գնալ իր հետ նոտարական գրասենյակ, իր բնակարանը գրավադրել, որից հետո նրա գումարը կվերադարձնեն: Մեզ հաջողվեց պարզել, որ հենց այդ պահին Ռուզան Մարգունին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ակտիվիստի կինը իր բնակարանում է եւ նման հայտարարություն է անում: Ավելի ուշ ոստիկանները եկել են Մարգունու բնակարան եւ Վահան Մարտիրոսյանի կնոջը տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել: Այս գործով քննությունը դեռեւս շարունակվում է, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում ակտիվիստին եւ նրա կնոջը:

Նկատենք, որ Ռուզան Մարգունուն այս օրերին անհանգստացնում է մեկ բան, թե ինչու իրավապահները չեն կալանավորում ակտիվիստին, սակայն իրավապահները նրան հայտնել են` հիմնավոր փաստեր չունեն, որ կարողանան կալանավորել:

Քնար Մանուկյան




Լրահոս