ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, որ երկար ժամանակ գանգատվում էր, թե իր շուրջ «մուտիլովկաներ են անում»` ձգտելով խլել իր հետազոտությունների ինստիտուտը, պարզվում է ճիշտ էր: Այս տարվա հունվարին կայացված ՀՀ կառավարության որոշմամբ, Իսագուլյանի ղեկավարած ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ»-ը միացվել է Արա Սաղաթելյանի գլխավորած «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը գտնվում է Միքայել Մինասյանի ուղղակի վերահսկողության տակ: Եւ որպեսզի Իսագուլյանը չնեղանա, նրա համար գործ են «ճարել»: Քանի որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կազմից տեղափոխվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ, ուստի, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Կառավարման ակադեմիայի խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանին կփոխարինի Գառնիկ Իսագուլյանը, որն էլ պաշտոնանկ է անելու ակադեմիայի այսօրվա ռեկտոր Հովհաննես Հարությունյանին: Իսկ թե ով կլինի նոր ռեկտորը, դեռ որոշված չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ