Հիշեցում Արմեն Մուրադյանին. նախարարի իրավունքները զուտ ցավակցելով չեն սահմանափակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհերքելի փաստ է, որ վերջին շրջանում բժշկական կենտրոններում մահացությունների թիվը պարբերաբար շատանում է: Դեռևս մեկ մահվան բոթից ուշքի չեկած`արդեն լսում ենք հերթականի մասին:

Armlur.am-ն անդրադարձել է տեղի ունեցած բոլոր դեպքերին և արձանագրել, որ այդպես էլ որևէ մեկը կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել. «Նշանակվել են փորձաքննություններ, բոլոր մեղավորները կպատժվեն»,- մահվան յուրաքանչյուր դեպքից հետո առողջապահության նախարարությունից ստացվել է հետևյալ բովանդակությամբ պաշտոնական մեկնաբանությունը:

Եվ մինչ այսօր որևէ փորձաքննության պատասխան հայտնի չէ, նախապատրաստված նյութերը ևս չեն հրապարակվում, իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շտապում է հայտարարել, թե ինքը կարող է զուտ խորը ցավակցել. «Կարծում եմ` հարցն այսօր քննարկվում է իրավապահների կողմից, այդ տիրույթում է, պետք է սպասել քննության ավարտին: Մենք չենք կարող խառնվել իրավապահների գործին: Մեր մասով դատաբժշկական փորձաքննություններ իրականացնողներն ունեն հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ»:

Իսկ թե որն է այդ դիրքորոշումը` հայտնի չէ որևէ շարքային քաղաքացու: Ավելին, Արմեն Մուրադյանը հույսը դրել է իրավապահների իրականացրած քննության վրա` մի պահ, թերևս անփութորեն, մոռանալով օրենքով իրեն տրված լիազորությունների մասին:

Հարկ ենք համարում նախարարին հիշեցնել, որ բոլոր այն բուժաշխատողները, որոնք բուրդ չփխելը գերադասում են Հիպոկրատի երդումը կատարելուց, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ պատժելու լծակներ ունի հենց ինքը` նախարարը:

Եվ ահա, թե ինչ է սահմանում զգացմունքային դաշտից դուրս սևով սպիտակի վրա գրված գերագույն օրնեքը. «Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուuումնաuիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը և իրագործումը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից…»:

Օրենքով սահմանված դրույթների շուրջ Armlur.am-ը զրուցեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ, ով պարզաբանեց, որ առողջապահության նախարարությունը լիցենզիա (արտոնագիր) տրամադրող կառույց է, և օրենքով այդ լիազորությունները տրված են միմիայն նախարարությանը: Իրավական տեսանկյունից, նախկին նախարարի փոխանցմամբ, եթե պետական կառավարման մարմինը լիցենզիա է տրամադրում, ուրեմն` կա նաև հակառակ կողմը` լիցենզիայից զրկել կամ ժամանակավորապես կասեցնել գործունեությունը. «Այս բոլոր գործառույթները ամրագրված են Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում: Բայց կոնկրետ մահերի քանակով ելնելով և հիմք ընդունելով այդ հանգամանքը` լիցենզիայից զրկելու գործառույթ ամրագրված չէ: Եթե նախարարությունը գտնում է, որ բժշկական ծառայություն և բուժօգնություն մատուցողի գործունեության մեջ կան խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում բնակչության առողջության վրա, նախարարը կարող է լիցենզավորման գործընթացի կասեցման կամ ընդհանրապես լիցենզիայից զրկելու նպատակով մտնել դատարան: Նախարարությունը լծակներ ունի: Հիմա, օրինակ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սննդային թունավորման դեպքերի արձանագրման արդյունքում կասեցնում է ինչ-որ դպրոցի ճաշարանի գործունեությունը: Եթե դա վերագրենք նախարարությանը, ապա պետական լիազոր մարմինն իրավասու է հանրապետության ողջ տարածքում` անկախ սեփականության ձևից, պետական բուժհիմնարկների վերահսկում իրականացնել»:

Armlur.am-ի հարցին` կարո՞ղ է բուժհաստատությունը չգտնվել նախարարության վերահսկողության տակ, Արարատ Մկրտչյանը բացասական պատասխան տվեց: Եթե անգամ բուժհաստատության հիմնադիրը նախարարությունը չէ, այլ քաղաքապետարանն է կամ որևէ անհատի սեփականությունն է, այնուամենայնիվ լիցենզիա և պետական պատվեր տվյալ բուժհիմնարկին տալիս է առողջապահության նախարարությունը. «Այսինքն` նախարարությունն ունի երկու մեծ լծակ` բուժհիմնարկի գործունեությունը կարգավորելու կամ կասեցնելու: Ամենահզոր լծակներից մեկը` պետական պատվերի տեղադրումը դադարեցնելն է:

Նախարարությունն ասում է` այս մարդկանց պետպատվերով կբուժես, իսկ ես պետության կողմից լիազորված եմ քեզ դրա դիմաց վճարելու: Եթե պայմանագրի մեջ նշեմ, որ եթե քեզ մոտ հիվանդացության կամ մահացության դեպքերի թիվն այսքանից ավել լինի, ես պետական պատվերի առկայությունը քեզ մոտ կխզեմ: Փառք Աստծո, Երևանում էլ բազմաթիվ բուժհիմնարկներ կան, որոնք ցանկացած բուժօգնություն ցուցաբերում են, ուստի նախարարությունը հանրությանը հայտնում է, որ այս ինչ հիվանդանոցում պետական պատվեր գոյություն չունի: Գնացեք այլ բուժհիմնարկներ, որտեղ կա պետպատվեր: Այսինքն` սա պատժամիջոց է, որով բուժհիմնարկը կկարգավորի իր գործունեությունը: Հաջորդ տարի եթե պետական պատվերի մասին պայմանագրեր ընդունվեն` կուսամնասիրվի, եթե թերությունները վերացած լինեն, ուրեմն` կրկին պայմանագիր կկնքվի»,- շարունակեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ կոնկրետ բժիշկների գործունեության դադարեցման մասին որոշում կայացնում է բուժհիմնարկի տնօրինությունը, սակայն. «Նախարարությունը չի իջնում բժշկի մակարդակի: Նա գործ ունի բուժհիմնարկի հետ, բայց քանի որ բժիշկները կազմում են այդ բուժհիմնարկի մասը, աշխատող ուժը, հետևաբար նախարարությունն իրավասություն ունի նամակով դիմելու բուժհիմնարկի հիմնադրին կամ սեփականատիրոջը և հարց դնի նրա առաջ` եթե մասնագիտական գործունեությունում թերացած աշխատակիցը չհեռացվի, դուք կզրկվեք լիցենզիայից, պետական պատվերից և այլն: Պետք է օրենսդրական նրբությունները պահպանենք և չընկնենք զգացմունքային դաշտ: Այն լծակները, որոնք ես նշեցի` պետական պատվեր և լիցենզավորում տրամադրելու մասին, շատ հզոր լծակներ են, որոնք ողջ համակարգը` անկախ սեփականության ձևից, կառավարելու և կարգավորելու հնարավորություն են տալիս: Բուժհիմնարկները պետք է ենթարկվեն առողջապահության նախարարությանը, և պարտադիր չէ, որ ԱՆ-ին պատկանեն: Այս իրավասույթունները տարածված են բոլոր բուժհիմնարկությունների վրա` անկախ ձևից և պատկանելիությունից»:

Ի դեպ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, հղում կատարելով Բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքին, նկատեց, որ կա առողջությանը վնաս հասցնելու մասին հոդված: Այսինքն` եթե քաղաքացու առողջությանը վնաս է հասցվում, նա իրավունք ունի դիմել դատարան. «Լիցենզիան մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստաթուղթ է: Որոշումը, այսպես, թե այնպես, պետք է նախարարությունը կայացնի: Չեմ կարծում, որ քաղաքացու պահանջով դատարանը լիցենզավորումը կասեցնի: Այն կասեցնելու նպատակով պետք է մասնագիտացված կառույցը հայցով մտնի դատարան: Իրավասու կառույցը եզրակացությունների հիման վրա է մտնում դատարան: Իսկ փորձաքննությունները կարող են նաև ամիսներ տևել (օրինակ, գենետիկական հետազոտությունը): Այդուհանդերձ, կասեցման կամ գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշում նախարարն իրավասու է կայացնել նաև առանց փորձաքննությունների»:

Նախարարին իր պարտականություններն ու լիազորությունները հիշեցնելուց հետո գոնե հուսով ենք բժիշկների անփութության և մասնագիտական թերացման հետևանքով տուժած քաղաքացիներին ցավակցելուց բացի այլ` օրենքով սահմանված միջոցներ ևս կկիրառվեն:

Տաթև Հարությունյան




Լրահոս