Ամենամեծ մտահոգությունը որ մենք ունենք այն է, որ զանգվածները կարող են դուրս գալ փողոց` բացարձակապես ջանք չխնայելով ծանոթանալու հարցի էությանը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալման համար ձևավորված «Ոչ»-ի շարժմանը, այս մասին նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Դա ամենամեծ մտահոգությունն է, բայց ցանկացած հարցում առկա է, երբ որևէ մեկը չգիտակցելով ինչի դեմ է պայքարում, ուղղակի պայքարի է դուրս գալիս», – նշեց նա:
Լրագրողի այն դիտարկմանը, որ վաղը քաղաքացիները դուրս են գալու փողոց` պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, քանի որ կարծում են` խաբված են, Հարությունյանը նշեց. «Ոչ, չեմ կարծում»:
Հիշեցնենք, որ վաղը «Ոչ թալանին» նախաձեռնությունը հավաք է անցկացնելու և պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հիշեցնենք նաև, որ սամանադրական բարեփոխումների դեմ պայքարելու համար էլ ստեղծվել է «Ոչ»-ի շարժումը, որը սեպտեմբերի 12-ին հանրահավաք է անցկացնելու: