«Իսկ ՀԱԿ-ում քա՞նի հոգի են մնացել». Շարմազանովը չի կարծում, թե «Ոչ»-ի շարժումը մեծ ներուժ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն այս պահին կողմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին և հանրապետության նախագահի հետ հանդիպումներից հետո նրանք ունեն հավասարակշռված դիրքորոշում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սահմանադրական բարեփոխումների շուրջ  քաղաքական կոնսոլիդացիա արդեն գոյություն ունի, որովհետև գոնե Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը մտել է քաղաքական քննարկումների փուլ»,- նշեց Շարմազանովը:

Լրագրողների հարցին`  հնարավո՞ր է «Ոչ»-ի շարժման անդամները տապալեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը, Շարմազանովը նշեց, որ ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին` հանրաքվեի միջոցով:

Դիտարկմանը, թե «Ոչ»-ի շարժումը մեծ ներուժ ունի, Շարմազանովը չհամաձայնեց՝ ընդգծելով, որ չի տեսնում այդ ներուժը: Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն էլ է միացել Շարժմանը, Շարմազանովը հակադարձեց. «Իսկ ՀԱԿ-ում քա՞նի հոգի են մնացել: Այդ քաղաքական ուժի մի մասը, գոնե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, չեն կիսում իրենց քաղաքական ուժի կարծիքը, և դրա վառ վկայությունն է ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչների հանդիպումը հանրապետության նախագահի հետ»:




Լրահոս