Փոքր և միջին ձեռնարկատեր Սարգիս Սաքոյանը հայտնվել է անելանելի վիճակում: Պատճառը հոսանքի թանկացումն է: Չնայած նրան, որ Կառավարությունը հայտարերել է, թե սուբսիդավորելու են ազգաբնակչությանը և ՓՄՁ ներկայացուցիչներին, բայց դրանք կարծես օդում ասված խոսքեր են: Ասածը հիմնավորենք փաստերով: «Ախթամար» խանութի սեփականատեր Սարգիս Սաքոյանը Armlur.am-ի հետ զրույցում պատմեց, որ քիչ առաջ Էլցանցի «Հյուսիս» մասնաճյուղի տեսուչը իրեն փաստաթուղթ է ներկայացրել, որն առաջարկել է ստորագրել: Փաստաթուղթը իրենից ներկայացնում է համաձայնագիր, որով ՓՄՁ ներկայացուցիչը համաձայնություն է տալիս այսուհետ վճարել հոսանքի թանկացված սակագնով:
«Ինձ առաջարկել են ստորագրել համաձայնագիր` պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի ես ցերակայինը պետք է վճարեմ 48,78 դրամ, իսկ գիշերայինը` 38,78 դրամ: Ես հրաժարվել եմ ստորագրել: Տեսուչը ինձ չի սպառնացել, իրենց հետ իմ հարաբերությունները լավ է, ես էլ այն մարդը չեմ, որ ինձ կարողանան սպառնալ: Բայց փաստը մնում է փաստ: Տեսուչն ինձ ասաց` «մեկա ստորագրելու ես, ստորագրի գնամ», բայց ես չեմ ստորագրել: Ինքն էլ թղթերը թողեց այստեղ գնաց: Ինքը այդ համաձայնագրից ձեռքը մ,ի 10-15 հատ ման էր գալիս, մենակ ես չեմ, ում առաջարկել է ստորագրել»,- պատմեց փոքր և միջին ձեռնարկատերը:
Նա նշեց, որ դեռ հայտնի չէ` նախորդ ամսվա հոսանքի գումարն արդեն թանկացված սակագնով է լինելու թե ոչ. «Տեսուչն ասաց, որ դեռ չգիտի, կճշտի` կասի: Բայց դե եթե թանկացված սակագնով եղավ, ես ուզեմ չուզեմ, պետք է վճարեմ, հակառակ դեպքում իրենք հիմք ունեն լույսն անջատելու»: Սարգիս Սաքոյանը մտահոգություն հայտնեց, ամսական միայն 40-50 հազար դրամ հավելյալ գումար պետք է վճարի այս պարագայում. «Ես ունեմ այս խանութը, որը 3 տարի է ինչ գործում է, և ևս երկու փոքր խանութ: Ես չգիտեմ` որտեղից եմ վճարելու այդ ավել գումարը: Ապրանքն էլ չեմ կարող թանկացնել, չեն առնի, չթանկացնեմ էլ գումարը չկա, որ վճարեմ»:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի մեծ հավաք-երթը: Նրանց պահանջն է չեղարկել հոսանքի թանկացման ապօրինի որոշումը: Հավելենք` նախաձեռնության անդամները բազմիցս նման խնդիրների մասին բարձրաձայնել են:
Քրիստինա Աղալարյան