Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այժմ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը և ներկայացվում է Սահմանադրության նոր նախագիծը: Հիմնական զեկուցողը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է:
Նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Վարդան Պողոսյանը նախ նշեց, որ ԱԺ-ին ներկայացված է ոչ թե նոր Սահմանադրություն, այլ` սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Նրա խոսքով, գործող Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները փոփոխության ենթակա չեն, և դրանք կարող են փոփոխվել միմիայն նոր Սահմանադրություն ընդունելու պարագայում:
«Այդ հոդվածները Հայաստանը հռչակում են ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն, մնացածը գալիս է լրացնելու այդ հոդվածները ամրագրելով անհատի դիրքը այդ պետությունում, ամրագրելով պետություն-անհատ հարաբերությունները»,- նշեց Վարդան Պողոսյանը:
Անդրադառնալով Ազգային ժողովին վերաբերող գլխին, նա նշեց, որ խորհրդարանը կունենա երեք փոխխոսնակ, որոնցից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ: Պողոսյանի խոսքով, այս նախագծով ընդդիմությանը մի շարք լիազորություններ են տրվելու: