Մինչեւ Էմմին չխառնվեց, հարցը չլուծվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրության ուշադրությունը հերթական անգամ բեւեռվել է Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի վրա: Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է:

11997217_978639038859663_441837551_n

 

Քանդակի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնել է արձանի հեղինակի դուստրը` երգչուհի Էմմին` ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին:

11349054_978639665526267_494604916_n

Նա մարզպետի ուշադրությունը հրավիրել է «բոլորի աչքի առջեւ ոչնչացող» աշխատանքի վրա եւ խնդրել վերականգնել այն:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ, ով նշեց, որ քանդակը գտնվում է Ալափարս գյուղի վարչական հատվածում. «Քանդակի ճակատագրի հարցը մեզ մոտ միշտ քննարկվել է, արձանը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո, Ալափարսի գյուղապետարանը, բնականաբար, նույնպես պատասխանատու չէ դրա համար»,-ասաց նա:

Մենք հարցրինք` եթե նույնիսկ քանդակի պահպանության հարցն իրենց պարտականությունների մեջ չի մտնում, արդյոք իրենք անհանգստացած չեն իրենց մարզի տարածքում գտնվող հուշարձանի ճակատագրով. «Տարիներ առաջ, երբ արձանը թալանել էին, ես գործարանի տնօրեն էի, գործարանի միջոցներով վերականգնել եմ արձանը»,-պատասխանեց նա` հավելելով, որ այս դեպքում իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում:

Մենք կապվեցինք նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանի հետ, ով տեղեկացրեց, որ 2011 թվականին քանդակի պահպանության հարցն իրենց է անցել. «Կոնկրետ պատասխանատուն մեր մարզային ծառայությունն է»,-ասաց նա:

11997253_978639045526329_1307008453_n

Կ. Հակոբյանի փոխանցմամբ` դեռեւս 2007 թվականից հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, 2008-2009թթ. երեք հոգի բերման են ենթարկվել, մեկ հոգի ազատազրկվել է երեք տարով: «2011 թվականին հուշարձանը՝ կիսատ-պռատ, թալանված, հանձնել են Կոտայքի մեր մարզային ծառայության պահպանությանը, նույն թվականին կրկին թալանի դեպք է գրանցվել, գողացել են արձանի ստորին հատվածի մի մասը: Այդ առթիվ դիմել ենք ոստիկանություն, սակայն վերջինս չի կարողացել կոնկրետ պարզել, թե ովքեր են գողության հեղինակները: Մեկ այլ գողության դեպք էլ գրանցվել է 2012-ին, ապրիլի 9-ի առավոտյան հայտնաբերվել է, որ արձանի գլխամասը եւս թալանված է: Դրանից հետո մենք նորից դիմել ենք ոստիկանություն, սակայն կրկին ապարդյուն: Այնուամենայնիվ, Չարենցավանի ոստիկանությունն ուժեղացրել է քանդակի պահպանությունը»,-պատմեց նա:

ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պետի խոսքով` արդեն այս տարվա հուլիսի 12-ի երեկոյան ուժեղ քամու պատճառով պոկվել է արձանի առջեւի մասը. «Քանի որ պոկված հատվածի չափերը բավական մեծ էին, ստիպված այն թողել ենք քաղաքապետարանի մոտ, որտեղ գոնե պահակ կա, եւ ինչ-որ կերպ արձանի այդ հատվածը կվերահսկվի: Քաղաքապետարանում մեզ 5 օր են տվել` արձանի այդ մասն ապահով վայր տեղափոխելու համար: Դրանից հետո կատարվածի մասին զեկուցել ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը եւս զբաղվում է այդ հարցով: Կոնկրետ գործակալությունն էլ է դիմել մարզպետարան, որպեսզի կարողանանք արձանի այդ հատվածի համար հարմար տեղ գտնել: Ներկա դրությամբ չափագրություն է արվում, որպեսզի դա կարողանանք տեղափոխել»,-նշեց նա:

Մենք հարցրինք` ի վերջո, հույս կա, որ մոտ ապագայում «Անվերջության ժապավեն»-ը կվերականգնվի, ինչին Կ.Հակոբյանը տվեց դրական պատասխան. «Երկու շաբաթ առաջ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի, մեր հուշարձանների պահպանության ծառայության փոխտնօրենի եւ վերականգնող ճարտարապետի հետ եղել ենք հուշարձանի եւ դրա պոկված մասի տարածքում: Իրենք տեսան, որ պոկված մասը մոտ 80 տոկոսով պահպանվել է, ուստի, հնարավոր է, հեշտությամբ վերականգնել դրա նախկին տեսքը: Գործակալությունից ասացին, որ հանդիպել են Բեջանյանի ընտանիքի հետ, խնդրի լուծումն ընթացքի մեջ է»:

Նշենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Բեջանյանի կինը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը, հայտնել է, որ Էմմիի բաց նամակից մեկ ժամ անց մարզպետն արձագանքել է, եւ այժմ պատրաստվում են հանդիպման ընթացքում քննարկել խնդիրը եւ լուծում գտնել:

Իհարկե, լավ է, որ ահազանգին արագ արձագանքել են, եւ կա տրամադրվածություն` քանդակը հնարավորինս արագ վերականգնելու, սակայն հարց է ծագում` եթե տարիներ առաջ վանդալիզմի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ մեղավորը հայտնաբերվել է, ապա նրանից արդյո՞ք բռնագանձել են գումար, եթե բռնագանձել են, ապա այդ գումարն առաջին հերթին պետք է ուղղվեր քանդակի վերանորոգմանը, ինչի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Եվ երկրորդ` ինչու է Կոտայքի մարզպետն արձագանքում խնդրին հեղինակի դստեր բաց նամակից հետո միայն, մի՞թե նա մինչ այդ տեղյակ չէր քանդակի ճակատագրից, թե՞ պետք է դանակը հասներ ոսկորին, խնդրին հանրային անձինք խառնվեին, որ նոր արձանն ուշադրության արժանանար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս