Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, բայց չի կարող նոր խմբակցություն ձևավորել. ԱԺ-ում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումը: Հիմնական զեկուցողը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն է: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարցադրում արեց զեկուցողին: Մասնավորապես` նա խոսեց նախագծի մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ և ասաց, որ նոր սահմանադրությամբ մարդու իրավունքները ավելի թույլ են պաշտպանված և պետք է գործող սահմանադրության դրույթները պահպանել:

«Օրինակ սեփականության իրավունքի հետ կապված դուք առաջարկում եք նախնական դատական ստուգում իրականացնել, մինչդեռ գործող սահմանադրությամբ նման բան չկա: Հավաքների ազատության մասով ինքնաբուխ հավաքները նշել ենք, որ կարող ենք իրականացնել միայն իրազեկման դեպքում: Ակնկալում եմ ձեզանից մանրամասնել այս հարցը ևս»,- հարցադրում արեց պատգամավորը: Նա նաև նշեց, թե իր համար պարզ չէ` ԱԺ խմբակցություններից պատգամավորները նոր Սահմանադրությամբ կարո՞ղ են դուրս գալ խմբակցությունից և ինչ է տեղի ունենում այդ դեպքում` դառնու՞մ են անկախ պատգամավորներ թե կարող են նոր խմբակցություն ձևավորել: «Դուք նաև նվազեցրել եք պատգամավորների անձեռնմխելիության աստիճանը: Ինչո՞ւ է նման ձևակերպում տրվել»,- ասաց նա:

Վարդան Պողոսյանը, հավաքների ազատության մասով պատգամավորի հարցի մասին նշեց` իրենց առաջարկներն ավելի ժողովրդավարական են. «Եթե մենք նայում ենք շտապ կամ Ինքնաբուխ հավաքների ձևակերպմանը գործող օրենքում, այդ դրույթների հետ կապված որևէ հետընթաց չի կարող լինել:Հավաքների ազատությունը նշանակում է, որ մարզը պետք է կարողանա էֆեկտիվ արձագանքել իրադարձություններին և առանց իրազեկման անցկացնել հավաքներ: Եթե օրենսդիրը սահմանափակում մտցնի իրազեկում անելու մասով, դա կհակասի գործող սահմանադրությանը: Ինձ համար հասկանալի չեն որոշ մարդկանց ձևակերպումները, ովքեր կարծում են, որ իրավական սահմանափակում է մտցվում այս առումով, քան գործող սահմանադրության մեջ է»:

Ազգային ժողովի հետ կապված հաղորդումների մասով, Պողոսյանը նշեց, որ պատգամավորների թիվը կարող է ավելանալ: «Իսկ խմբակցությունից դուրս գալու կամ անկախ պատգամավոր մնալու հետ կապված, այո առաջարկված նախագիծը նման հնարավորություն թույլ է տալիս, ի տարբերություն նախորդի, որի դեպքում խմբակցությունից դուրս գալու դեպքում ավտոմատ մանդատը վայր էր դրվում: Մենք չենք վերարատադրել այդ կետը: Պատգամավորը կարող է միայն դուրս գալ խմբակցությունից, բայց ձևավորել նոր խմբակցություն չի կարող»,- ասաց զեկուցողը:




Լրահոս