“Հայ ժողովուրդը հաղթանակել է”,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ “Դուք գիտեք, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին՝ գործող նախագահին՝ այն ավանդի համար, որ ինքը ունեցել է արցախյան ազատամարտում: Ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Բայց հենց ինքն է, որ այսօր արդեն պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: Ոչ թե Րաֆֆին է հաղթել եւ Սերժը պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել:
Հայ ժողովուրդը շատ հստակ է խոսում Վանաձորում, Սյունիքում, Գյումրիում, ասում է, որ սա մեր պետությունն է, մեր հայրենիքը: Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել՝ հայ ժողովուրդը արժանի է դե յուրե նախագահության: Ես այլեւս հորդորով հանդես չեմ գա: Ժողովուրդը խոսում է, խոսել է եւ քվեարկել է: Պարզապես ասում եմ՝ նախագահի թեկնածու լինի, գեներալ, հրամանատար, մարզպետ թե գյուղապետ՝ ով խեղում է հայ ժողովրդի եւ քաղաքացու ձայնը՝ պատասխան է տալու: Ինձ համար կարեւոր չէ՝ ՀՀԿ է, թե ՀԱԿ, թե Ժառանգություն՝ բոլորը պատասխան են տալու: Օլիգարխ է, հերոս է, թե շարքային, նախագահ է ներկա թե նախկին՝ պատասխան են տալու: Հայ ժողովուրդն առաջին անգամ որոշեց ունենալ իրեն պատկանող իշխանություն: 5 տարի հետո ես վերընտրության չեմ գնալու: Պիտի ունենանք ազատ, արդար ընտրություններ եւ ես իշխանությունը փոխանցելու եմ նոր սերունդին: Այսօր հետխորհրդային վերտիկալը, վախը, սպառնալիքը էլի գործեց, բայց դրանք հակապետական են եւ ով խախտեց՝ պատասխան են տալուե:
Նա նաեւ խոստացավ՝ “Ինձ պետք է միայն հայ ժողովրդի հետ 5 տարի ծառայել, որ մենք ունենանք Սահմանադրական հայրենիք: Ժողովուրդը հաղթել է, ոչ մեկը չի պարտվել: Պարտվել է մեր վախը, փոքրոգությունը: Հայ ժողովուրդն ասել է ո’չ՝ փողին, կեղծիքին, ցուցակագրման, պասպորտներին: Ասել է այո’՝ մեր երկրի ապագային: Ես երախտագետ եմ՝ ժողովրդի հաղթանակի համար”:
aravot .am