Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ջոն Ութինգդեյլի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի մշակույթի և մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ուիթինգդեյլին՝ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց մշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկուստեք շեշտվեց Միացյալ Թագավորությունում հայկական մշակութային ժառանգության ներկայացման կարևորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց համատեղ ծրագրերի իրականացմանը։

Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՄԹ խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի և Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձևավորման աշխատանքները։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, ովքեր ներկայացրին իրենց կողմից կատարված աշխատանքները և ծրագրված ձեռնարկները։

Մտքեր փոխանակվեցին Հայաստանում և աշխարհում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում կայանալիք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողության նախապատրաստական աշխատանքներին։




Լրահոս