Երբ մարդը հայտնվում է Կոստանյան-Հովսեփյան «մսաղացի» մեջ, դուրս գալու շանսերը զրոյական են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, տարածված կարծիք կար, թե նա անկաշառ, սկզբունքային, անարդարության դեմ պայքար տվող մի կերպար է, ով գլխիվայր շուռ է տալու դատախազական համակարգը, որը Աղվան Հովսեփյանի օրոք դարձել էր կոռումպացված, պատվեր կատարողների մի միավոր, որոնց համար գլխավոր արժեքը ազդեցիկ հեռախոսազանգն էր կամ արտարժույթը:

Բայց կարճ ժամանակ անց Գեւորգ Կոստանյանն իր գործունեությամբ ապացուցեց, որ սկզբունքայնությունը դրսեւորում է միայն այն դեպքերում, երբ գործ ունի անպաշտպան քաղաքացու հետ: Նրա ինքնադրսեւորումը հաջող չստացվեց, քանի որ իշխանության որեւէ օղակի հովանավորությունը վայելող ցանկացած մեկի կողմից կատարված հանցանքի վրա Կոստանյանը հանգիստ կարող է աչք փակել: Օրինակներն, իհարկե, բազմաթիվ են՝ սկսած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի դեպքից, վերջացրած ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բանդայի գործելաոճի ու մյուս պատգամավորների, գործարարների ու հեղինակությունների հարազատների արարքների կոծկումով: Կոստանյանը չոր ու կոպիտ բնավորությամբ, երբեմն անմարդկային աստիճանի դաժանությամբ կարողացել է իր ոխերիմ թշնամի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերությունների այնպիսի լարում առաջացնել, որ իրավական համակարգը ուղղակի քաոսի է վերածվել: Մի մեծ քաոսի:

Այսօր հայտնի է արդեն, որ Հայաստանում ծանր հանցագործության՝ սպանության փորձի դեպքերն աճել են: Եւ նման իրավիճակներում թերեւս բնական է, որ կասկածյալներին հայտնաբերելուց հետո պետք է անմիջապես կալանավորել, որպեսզի այլ ծանր հանցանքների հնարավոր դեպքերը կանխվեն:

Անշուշտ, կալանավորման անհրաժեշտություն կա նաեւ այն դեպքերում, երբ մարդը մի քանի անգամ ընկել է քրեական պատմությունների մեջ, եւ հերթական անգամ նման արարքից հետո նրան ստորագրությամբ ազատ արձակելն ամենեւին էլ ճիշտ լուծում չի լինի, քանի որ ունակ է, ազատության մեջ լինելով, էլի վնասել որեւէ մեկի: Բայց երբ կալանավորում են քաղաքացուն իր տան մոտ բարձր խոսելու, միմյանց քաշքշելու, մարմնական լուրջ վնասված չունենալու եւ այլ թեթեւ հանցանքի գործերով, դա արդեն անտրամաբանական է: Եւ այս անտրամաբանական իրավիճակն առաջացել է իրավական դաշտի գիգանտների կռվի հետեւանքով. նրանցից յուրաքանչյուրը փորձում է սպիտակ ձեռնոցներով կերպարի մեջ մտնել՝ որպես անկաշառի, արդարության մարտիկի եւ այլն:

Արդյունքում ունենք մի պատկեր, երբ բոլորին իրավապահները նայում են նույն դիտակետից՝ առանց հաշվի առնելու, թե ով ինչ համբավ ունի, ինչի է ընդունակ, կամ արդյո՞ք այդ մարդը կարող է նախաքննության ընթացքում փախուստի դիմել: Կալանավորում են բոլորին՝ այդպես ի ցույց դնելով իրենց ազնվությունն ու թվացյալ պրոֆեսիոնալիզմը:

Իսկ ինչպես է տեղի ունենում կալանավորումը. կասկածյալն ինքն է գնում ոստիկանություն՝ հանձնվում, ոստիկանները ձերբակալում են կասկածյալին, հանձնում քննիչներին, վերջիննես որոշում են կալանքի միջնորդությամբ դիմել դատարան, գործը վերահսկող դատախազը «դաբրո է տալիս», եւ կասկածյալի գործը մտնում է դատարան: Եւ վայ այն դատավորին, ով կփորձի մերժել կալանքի միջնորդությունը. նրանց սկսում են մահացու մեղադրանքներ՝ ընդհուպ մինչեւ նախագահի նստավայր բողոքի ձայն բարձրացնելով: Ուստի գործին առնչվող բոլոր կողմերը, իրենց կյանքի հարմարավետությունն ապահովելու համար, ում բռնում, կալանավորում են: Եթե նշված օղակից որեւէ մեկը փորձի հակադրել, նրան մեղադրում են «փող վերցնելու», հովանավորչության եւ այլնի մեջ:

Դե, իսկ կալանավորման որոշումը կայացնելուց հետո արդեն անիվը հետ պտտելն ուղղակի անհնար է դառնում: Դատավորը վախենում է դատախազից ու քննիչից, դատախազը վախենում է, որ քննիչն իր քայլն ուրիշ կերպ կընկալի, ստիպված է լինում դատարանում պաշտպանել կալանքի պահանջը, իսկ քննիչն էլ դատախազից է վախենում՝ նույն դրդապատճառներով: Արդյունքում ունենք քաոսային մի իրավիճակ, երբ մարդը հայտնվեց Կոստանյան-Հովսեփյան «մսաղացի» մեջ, դուրս գալու շանսերը զրոյական են (եթե, իհարկե, ՀՀ նախագահի նստավայրում կամ ՀՀԿ վերնախավի ազդեցիկ դեմքերից որեւէ հովանավոր չունեն):

Բազմիցս ենք հրապարակել, որ Գեւորգ Կոստանյանը սպասում է՝ քննիչները սխալվեն, որ գործ հարուցի, ուղարկի քննության, Աղվանը Հովսեփյանը սպասում է՝ դատախազի լիազորություններն անցնեն, որ բողոքի, դատարան դիմի, նախագահին զեկուցի, լրատվամիջոցներով «արտահոսք» ապահովի եւ այլն: Արդյունքում, այս կամ այն առիթով հարուցված քրեական գործերի նախաքննության ժամկետներն անընդատ երկարացվում են: Իհարկե, դա իրավապահների իրավունքն է, բայց վերջին շրջանում այդ իրավունքը պարզապես քմահաճույք է դարձել: Ժամկետներն անընդհատ երկարացվում են, ապացույցներն այդպես էլ չեն գտնվում, թերի ապացույցներով գործերը մտնում են դատարան, ու մեծ մասը ավարտվում է ոչ կալանքի ելքով, քանի որ ի սկզբանե հիմնազուրկ է եղել կալանքի որոշումը: Ահա թե ինչ անառողջ մթնոլորտ է տիրում երկու անձի զզվելի դարձած հակամարտությունից:

Իսկ թե ինչու է Սերժ Սարգսյանը դեռ «թամաշա» անում այս իրավիճակին, այդպես էլ անհասկանալի է մնում:

Թամարա Միքայելյան




Լրահոս