Հայաստանին, անկասկած, դուր չի գալիս, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում. Է. Նալբանդյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին, անկասկած, դուր չի գալիս, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում, սակայն ամենայն հավանականությամբ, դա բիզնեսի ու առևտրի հարց է: Այս մասին BBC-ին հայտնել է այս օրերին Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Հայաստանին ու Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքի մասին հարցին:

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում ու համապատասխանաբար Ռուսաստանից գնում ենք ու ստանում սպառազինություն: Սրանում ոչ մի նոր բան չկա, իսկ այն որ Ռուսաստանը Ադրբեջանին ու այլ երկրներին զենք է վաճառում, սա երևի նույնպես բնական է, այդ պատճառով էլ Ռուսաստանը զենք է արտադրում: Ռուսաստանն, իհարկե, սպառազինության շուկայում շատ ակտիվ է»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները միանգամայն դաշնակցային են:

«Հարաբերությունները դաշնակցային անվանելը ևս չափազանց մեծ նշանակություն ունի»,- հավելել է նախարարը:

Խոսելով Ուկրաինայում իրադարձությունների ու Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների մասին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ իրադարձություններին Հայաստանը նախ և առաջ ցավով ու կարեկցանքով է վերաբերվում, քանի որ Ուկրաինայում կես միլիոն հայեր են ապրում:

«Չեմ կարծում, որ պատժամիջոցների ճանապարհով կարելի է հարցեր լուծել: Հարցերը պետք է լուծվեն բանակցությունների, երկխոսության միջոցով: Դա միջազգային արենայում առաջացող ցանկացած հակամարտության լուծման լավագույն տարբերակն է»,- եզրափակել է Նալբանդյանը:

 




Լրահոս