Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայոց եկեղեցու թեմերում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում: Արժանապատիվ Տ. Գեղարդ քահանա Ղաբաղյանը, ազատվելով Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արմավիրի թեմում:
Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, ազատվելով Բանակի հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգում:
Կատարվել են նաև 2015թ. հուլիսի 26-ին քահանայական ձեռնադրություն ստացած քահանաների նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արժանապատիվ Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը` Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը` Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Զեյնալյանը` Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Ղարիբյանն իր հոգևոր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը` Գուգարաց թեմում: