ՍԱ Է ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, թե իբր Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցությունը մեր պետության անվտանգության ապահովման համար է: ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ կետը սահմանում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»: Ինչպես հայտնի է՝ վերջին երկու շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար հրետակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայաստանից բացի՝ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Մինչ օրս ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ անդամ երկրները ծպտուն անգամ չեն հանել Հայաստանի տարածքը հրետանակոծելու առնչությամբ:
Այսպիսով, հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ դրա անդամները ոչ միայն մեր անվտանգության երաշխավորը չեն, այլեւ նույնիսկ հենց նրանք կարող են հիմնական սպառնալիքը լինել: Մի երկիր, որը իրեն դաշնակից է հռչակում, իսկ հաջորդ քայլին թշնամուդ 5 միլիարդ դոլարի զենք է վաճառում, ինչպե՞ս կարող է անվտանգության երաշխավորը լինել: Այսքանից հետո որեւէ բանական մարդ չի կարող իրեն թույլ տալ եւ հայտարարել, որ ՀԱՊԿ-ը կամ դրա անդամները Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարող են մատը մատին տալ: Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք:
Հ.Գ. Սեպտեմբերի 15-ից ՀԱՊԿ նախագահումը ստանձնելու է Հայաստանը:

 

 

 
Թվում է՝ Հայաստանում չի կարող լինել որեւէ պատասխանատու պաշտոնյա, որը չի գիտակցի, թե տնտեսության հետ ինչ տեղի կունենա, եթե գործարարները սկսեն իրենց ապրանքը ռուսական ռուբլով արտահանել: Բայց պարզվում է՝ նման պաշտոնյա կա՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը երեկ Բելառուսում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ առաջարկել է, որ անդամ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը իրականացվի ռուսական ռուբլով: Միգուցե Աբրահամյանը հասկացել է, որ Ռուսաստանն այդ քայլը վաղ թե ուշ պարտադրելու է նաեւ մեզ, եւ փորձում է ձեւանալ, թե իբր մեզ չեն ստիպում, այլ ՀՀ իշխանությունն է այդպես ցանկանում: Բայց ամենեւին էլ կարեւոր չէ՝ գլուխդ պարտադրանքո՞վ, թե՞ ինքնակամ ես պատին խփում, այն ամեն դեպքում կոտրվելու է: Հուսանք՝ Հովիկ Աբրահամյանն իր անկեղծությունը ցույց տալու համար գոնե իր կողմից հայտարարագրած դրամական միջոցները` 1 մլն 800 հազ. դոլարը եւ 210 մլն դրամը, կփոխի ռուսական ռուբլու:

 

 

 
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվածում «խառն» է: Նա պաշտոնական միջոցառումներից մշտապես ուշանում է: Ա. Սարգսյանը վերջերս էլ ուշացել է անգամ «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստից, որին մասնակցելու նա գնացել է տաքսիով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին ոստիկանապետին հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելուց եւ վազելով ինչ-որ տեղ շտապելուց: Ուշացումների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Ալիկ Սարգսյանից: «Ես «Շանթ 2015»-ի զորավարժություններից հետո եկել եմ տուն, մի կտոր հաց եմ կերել ու քանի որ արդեն վարորդիս բաց էի թողել, որովհետեւ ինքը խնդիրներ ուներ, ուրիշ մեքենա էլ չկանչեցի, դուրս եկա եւ տան դեմից նստեցի տաքսի: Մի՞թե տաքսի նստելու մեջ վատ բան կա, թե՞ ես իրավունք չունեմ տաքսի նստելու»,- տարակուսեց նախկին ոստիկանապետը:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել: Սա նշանակում է, որ նրան չի հաջողվի այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից խուսափել: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Նա «հոսպիտալացվել» էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա եւ իր որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել է, իսկ խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը: Սկզբում մեղադրանքը եղել էր ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ ծեծ, փոխվել էր ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Առաջին մեղադրանքը, որպես պատիժ, ազատազրկում չէր նախատեսում: Իսկ ներկա մեղադրանքով Աղալարին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Բայց նախաքննությունը դեռ շարունակվում է:

 

 

 

 

 

ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ

1991-1997 թթ. ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է Ադրբեջանին զսպելու, ադրբեջանական հարձակումներին վերջ տալու տեսլականը: «Հստակ է, որ մենք կորցրել ենք մեր հակակշիռը Ղարաբաղի հարցի լուծման վրա»,- ասել է նա` մտահոգություն հայտնելով, որ սահմանային այս լարված իրավիճակն արդեն սովորական է դառնում ՀՀ իշխանությունների համար, որոնք այլեւս բավարարվում են ընդամենը սահմանագոտու բնակչությանը «մի քիչ փող տալով»:
Իրականում Լիպարիտյանի մտահոգությունը տեղին է, քանի որ, իսկապես, սահմանային գնդակոծություններն ու զոհերը գնալով ավելի քիչ են առաջացնում ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ միջազգային հանրության հակազդեցությունը: Փաստացիորեն Կազանի հանդիպումից հետո արդեն չորս տարի է` բանակցային գործընթացը, բովանդակային առումով, մեռած է: Իսկ միջնորդների պարբերական այցելություններն ընդամենը գործընթացի ֆորմալ կենդանության հաստատման նպատակ ունեն: Բանը հասել է այնտեղ, որ այսօր միջնորդները չեն էլ թաքցնում, որ իրենց համար արդեն իսկ մեծ հաղթանակ է այն, որ երկու երկրների նախագահները (իրականում Ադրբեջանի) սկզբունքորեն չեն մերժում առաջիկա հանդիպման անցկացման գաղափարը:
Իսկ որն է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարն այդչափ լկտիացել է. այս հարցի պատասխանը երեկ տվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեւը` արձանագրելով. «Քանի դեռ Ադրբեջանը ռազմական առավելություն է զգում, չի նստի բանակցային սեղանի շուրջ»: Եվ իրոք, Ադրբեջանի ղեկավարի պահվածքը նկատելիորեն փոխվեց հատկապես զենքի վաճառքի՝ ռուս-ադրբեջանական 4 միլիարդանոց գործարքի կնքումից հետո: Եվ եթե մի քանի ամիս առաջ Հայաստանում տեսակետ կար, որ Ռուսաստանում, կարծես թե, հասկացել են Ադրբեջանին չափից ավելի զինելու վտանգները եւ ի պահպանումն հայ-ադրբեջանական զինված ուժերի հակակշռի` պատրաստվում են Հայաստանին վաճառել «Իսկանդեր Մ» տիպի հրթիռներ, ապա ներկայումս արդեն որեւէ մեկը չի խոսում իսկանդերների մասին: Փոխարենը սեպտեմբերի 1-ին Բաքու այցելած Սերգեյ Լավրովը, ըստ էության, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման նոր, հրապարակային առաջարկ արեց` Ի. Ալիեւին հրավիրելով Նիժնի Տագիլում այսօր մեկնարկելիք ռուսական ռազմական զինտեխնիկայի RAE 2015 ցուցահանդեսին:
Այնպես որ, առաջիկայում եւս պետք չէ սպասել Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացի իրական առաջխաղացման, քանզի թե՛ Ռուսաստանը, շարունակաբար զենք վաճառելով, եւ թե՛ Արեւմուտքը, Ադրբեջանի բռնապետ ղեկավարությանը համապատասխան պատժամիջոցների չենթարկելով, շարունակում են նպաստել տարածաշրջանային հավասարակշռության խախտմանը:




Լրահոս