Նախօրեին տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, որոնց պատասխանը մինչ օրս չի հնչել: «Ժողովուրդ»-ը փորձեց դրանց մի մասի պատասխանները նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից ստանալ, բայց մեզ պատասխանեցին, որ պաշտոնական հաղորդագրություններում հրապարակված տեղեկությունից ավել ոչինչ չեն կարող ասել:
Մեր առաջին հարցն այսպիսին էր. «Ճի՞շտ է, որ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման նախաձեռնողը եղել է հայկական կողմը, եւ որ դրա հիմնական շարժառիթը եղել է վերջին երկու շաբաթներին սահմանի լարվածությունը»: Ինչո՞ւ էինք նման հարցադրում արել. այն, որ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, այլ հրատապ բնույթ է կրել, հուշում էին նաեւ պաշտոնական հաղորդագրությունները: Ավելին՝ դրա մասին ռուսական լրատվամիջոցներում առաջին լուրերը, այնուհետեւ պաշտոնական հաղորդագրությունները տարածվեցին կեսգիշերին մոտ: Եւ եթե Սերժ Սարգսյանն է հանդիպում խնդրել՝ վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկելու անհրաժեշտությունից ելնելով, ապա այդ դեպքում Վլադիմիր Պուտինի պահվածքն առնվազն տարօինակ է դառնում: Ինչպես հայտնի է՝ հանդիպման՝ լրագրողների համար բաց արարողակարգային հատվածում նա այդ խնդրի մասին անգամ չէր էլ ակնարկել: Այն դեպքում, երբ խոսքը գնում է երրորդ երկրի կողմից ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրի անվտանգությանը սպառնացող կոնկրետ դրսեւորումների մասին:
Ի դեպ, նախագահի քարտուղար Հակոբյանին հասցեագրված մեր երկրորդ հարցը վերաբերում էր Հայաստանի ՀԱՊԿ անդամությանը: Ինչպես հայտնի է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: ՀԱՊԿ առաքելության մասին հիշեցնելով՝ մենք Հակոբյանից հարցրել էինք. «Հայաստանի Տավուշի մարզի սահմանային գյուղերի հրետակոծումն արդյո՞ք բավարար չէ, որպեսզի ՀԱՊԿ-ը պաշտոնապես արձագանքի անդամ երկրի դեմ ագրեսիային: Այս հարցը Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսին է եղել ՌԴ նախագահի դիրքորոշումը»: Բայց ինչպես արդեն նշել ենք, ո՛չ այս եւ ո՛չ էլ վերը բերված հարցին Հակոբյանը չի պատասխանել՝ հայտնելով, թե պաշտոնական հաղորդագրությունից ավել ոչինչ չի կարող ասել: Ու թեեւ այս հարցի պատասխանն առավել քան կարեւոր է, այնուամենայնիվ, հաղորդագրության մեջ ոչինչ չկա նշված այդ մասին:
Այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Եթե ՀԱՊԿ-ը ի վիճակի է իր անդամ երկրի անվտանգությունն ապահովել, եթե այդ կազմակերպությունը գործնական քայլերից բացի անգամ ի վիճակի չէ հայտարարությամբ հանդես գալ, ապա ում է այն ընդհանրապես պետք: Չէ որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները պնդում են, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Ավելին՝ այս ֆոնին առավել իրատեսական են դառնում այն լուրերը, ըստ որոնց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ասել է, որ Ադրբեջանի հարցում, մեղմ ասած, ոչնչով չի կարող օգնել: Եթե այդպես է, ապա ինչու է Հայաստանը իր բոլոր տնտեսական շահերը հանուն Ռուսաստանի զոհում: Ի վերջո, արդեն մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսի ետեւից մեր շահերը զիջում են հօգուտ Ռուսաստանի եւ ամեն զիջումից հետո իշխանությունները պնդում են, թե այլ ելք չունեին, քանի որ երկրի անվտանգության համար են այդպես վարվել: Հիշում եք, չէ՞, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամանակ եւս հիմնական փաստարկն անվտանգության ապահովման գործոնն էր:
Ինչեւէ, մինչեւ Սարգսյան-Պուտին հանդիպումը ռուսական լրատվամիջոցները կանխատեսում էին, որ դրա ընթացքում ռուսական սեփականություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված խնդիրը եւս քննարկվելու է: Մյուս կողմից՝ դեռեւ հունիսի 27-ին, երբ Բաղրամյան պողոտայում ընթանում էին բողոքի ցույցերը, եւ Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել, նա իր խոսքում ասել էր. «Դեռեւս մի քանի ամիս առաջ Կառավարության կողմից սկսված աշխատանքը «Բաշխիչ էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ-ին նկատի ունի,- Վ.Հ.) սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»: Այսինքն՝ Սարգսյանը խոստովանել էր, որ ՀՀ Կառավարությունը տարեսկզբից քայլեր է ձեռնարկել՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխելու համար: Ավելին՝ նույնիսկ սպառնում են, որ կարող են ընկերությունը ետ վերցնել եւ հանձնել հավատարմագրային կառավարման: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ի կողմից Հակոբյանին հասցեագրված եւ անպատասխան մնացած երրորդ հարցն այսպիսին էր. «Արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ռուսական ընկերության գործունեության արդյունքում Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը, եթե այո, ապա ինչպիսին է Վ. Պուտինի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»:
Ամեն դեպքում ընդունված է ասել, որ լռությունը համաձայնության նշան է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇՄԱՅՍԸ ԼՌՈՒՄ Է
Դեռեւս սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը որոշել էր վարույթ ընդունել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը: Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նշենք, որ Առաքել Մովսիսյանը ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյո՞ք ինքն ընդունում է, որ էթիկայի նորմերը խախտել է: Պատգամավորը լուռ լսեց հարցը, այնուհետեւ ասաց. «Վերջացրեցի՞ք, ցտեսություն Ձեզ»,- ու անջատեց հեռախոսը: Մի խոսքով, առաջընթաց կա. մարդը սկսել է լռել:
ԱՊԱԿԻՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ Է
Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերից մեկի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ քննվել է գողության մի գործ: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը ցանկացել է խոսել, սակայն դատավորը նրան ձայնի իրավունք չի տվել: Այդ հանգամանքը զայրացրել է ամբաստանյալին, որը տեղից վեր է թռել եւ կոտրել դատարանի պատուհանի ապակիները:
Տեղի ունեցածի վերաբերյալ զրուցեցինք դատավոր Վաղինակ Մկրտչյանի հետ: Ըստ դատավորի՝ դեպքը ոչ թե դատական նիստերի դահլիճում, այլ միջանցքում է տեղի ունեցել: «Դատական նիստի ժամանակ սանկցիա էր կիրառվել ամբաստանյալի նկատմամբ, եւ նա դատարանի դահլիճից հեռացվել էր: Հեռացվելուց հետո ինձ տեղեկացրեցին, որ նա միջանցքում թե մեկուսարանում ապակի է կոտրել, ինչն արձանագրվել է, այլ տեղեկություն չունեմ»,- պարզաբանեց դատավորը:
ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ
ՀՀ Կառավարության՝ վաղը կայանալիք նիստը լինելու առաջինը ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի համար: Նորանշանակ նախարարն իր «պրեմիերային», ըստ արդեն հրապարակված օրակարգի, ներկայացնելու է միանգամից վեց հարց` երեքը վերաբերում են տարբեր օրենսդրական նախաձեռնություններին, իսկ մյուս երեքը որդեգրման հարցեր են: Ի դեպ, ակնհայտ է, որ այդ նախագծերը կազմվել են մինչեւ Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելը, քանի որ նախագծերի վրա, որպես ներկայացնող, հիմնականում նշված է նրա առաջին տեղակալի՝ Արսեն Մկրտչյանի անունը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՄԲՌՆՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ
Անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակման հետ կապված տարատեսակ մեկնաբանություններին, այդ թվում` սոցցանցերում տարածված ոչ կոռեկտ հրապարակումներին՝ երեկ արդարադատության նախարարությունից armtimes.com-ին ասել են, որ նախարարն այդ ամենին «ըմբռնումով» է վերաբերում:
ՁԱՆՁՐԱԼԻ ԹԵՄԱ
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին վերջերս թեժացած խոսակցություններին` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Armlur.am-ին ասել է, թե այս թեման հասարակությանը վախեցնելու համար է: «Թե, ահա, Քոչարյանը շուտով կգա: Մի բան կարող եմ ասել. Միքայել Մինասյան, հոգնեցինք այս թեմայից: Ուրիշ առավել աշխատող մի բան մտածեք: Քոչարյանով վախեցնելը, թե Սերժ Սարգսյանը նրա ֆոնին ավելի լավն է, այնքան էլ լավ տարբերակ չէ: Իսկապես ձանձրացանք»,-նշել է Կարապետյանը:
ԹՈՂ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԻ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Սարգսյանը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ըստ Սարգսյանի՝ Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար բարեփոխումների իրականացման ճանապարհին:
ՀԱՋՈՐԴԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում: Երեկ կայացած նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավել փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման եւ այլ հարցերում: