ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հրաժարվել միության ներսում ռազմավարական ապրանքների առեւտուրը դոլարով կատարելուց ու անցնել ռուբլով վճարումների:
Նա իր խոսքում մասնավորապես նշել է՝ «ԵՏՄ-ում անհրաժեշտ է ազգային արժույթներով փոխադարձ վճարումների ինտենսիվացմանն ու դոլարացման նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Նաեւ արդիական է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու հարցերով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կարեւոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը՝ առանց դոլարին կապվածության, ռուբլիով կատարելու գաղափարը»:
Նշանակում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն ի կատար ածվելուց հետո Հայաստանում դոլարը շրջանառությունից դուրս է գալու եւ նախապատվությունը տրվելու է ռուբլուն: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ցորենի արտադրությամբ զբաղվող «Մանանա գրեյ» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի եւ պահածոների արտադրությամբ զբաղվող «ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր Ալիկ Պետրոսյանի հետ` պարզելու համար, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա աշխատանքները դոլարի շրջանառությունից դուրս գալուց հետո:
Սակայն զարմանալիորեն պարզվեց, որ նրանց մտահոգություններն այնքան էլ մեծ չեն: Գուրգեն Նիկողոսյանի կարծիքով դոլարի՝ շրջանառությունից դուրս գալու դեպքում փոխարինող գործիքներ կգտնվեն. «Կաշխատենք փոխարինող գործիքներով»,- նշեց նա: Վերջինիս խոսքով, եթե վարչապետը նման հայտարարություն է արել` «ուրեմն մի բան կա, էլի, ուրեմն մտածել են՝ ինչ պետք է արվի»:
«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկն իրագործվելուց հետո առեւտրաշրջանառությունը հեշտանալու է, եւ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու մեր երկրի տնտեսության զարգացման համար:
«ԵՏՄ անդամ երկրների մեջ, եթե դոլարը վերանա, դա շատ մեծ առավելություն կլինի մեր տնտեսության համար, որովհետեւ մենք այսօր կորցնում ենք ռուսական շուկան հենց այդ պատճառով»,-եզրափակեց «ՄԱՊ»-ի սեփականատերը:
Ստացվում է, որ Հայաստանում հատկապես գործարար խավը ճիշտ է համարում ՀՀ իշխանության ցանկացած ներկայացուցչի կողմից արված ցանկացած հայտարարություն, անգամ եթե այն վնասի իրենց հետագա գործունեությանը: Հետաքրքիր է՝ եթե առաջիկայում որոշում կայացվի նաեւ հայկական դրամից հրաժարվելու մասին (ինչը այս պայմաններում ամենեւին պետք չէ բացառել) հայ գործարարները նույնպիսի խանդավառությամբ կողջունեն նաեւ ա՞յդ հայտարարությունը:
Համաձայնեք՝ ամենեւին գեղեցիկ իրավիճակ չէ: էլ չենք ասում վտանգավորության մասին. Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու օրվանից Հայաստանում տնտեսությունը պարզապես գահավիժում է, սակայն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ այդ թեման անգամ չի էլ արծարծվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների նվազումը, ճիշտ է, մտահոգիչ է, բայց առայժմ իրավիճակը շտկելու առումով պատասխան չունի: Այսինքն՝ Հայաստանը պետք է դիմանա ռուսական քմահաճույքներին, իսկ թե ինչքա՞ն կկարողանա դիմակայել, դժվար է պատկերացնել: Ըստ ամենայնի, Ռուսաստանի Դաշնության գործող իշխանությունը քայքայիչ քաղաքականությամբ փորձում է Հայաստանին «ծնկի բերել», որպեսզի մենք ազգովի խնդրենք ՌԴ-ին՝ միավորվելու եւ բարեկեցիկ ապրելու համար, եթե, իհարկե, մինչ այդ Ռուսաստանի ներկայիս իշխանությունը կարողանա գոյատեւել:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՎԵԼ Է ՆԱԵՎ ՀՀ-ՈՒՄ
Երեկ՝ վաղ առավոտյան, Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը զգացվել է նաեւ Հայաստանում, մասնավորապես Արարատի եւ Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում:
Նշենք, որ Թուրքիայում Քրդստանի աշխատավոր կուսակցության զինյալները պայթեցրել են Իգդիրից Նախիջեւան տանող ճանապարհի Դիլուջու սահմանակետի ոստիկաններ տեղափոխող միկրոավտոբուսը: Միջադեպը գրանցվել է առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգում՝ Հասանհան գյուղի մոտակայքում: Պայթյունի հետեւանքով զոհվել է 10 ոստիկան: ՔԲԿ-ականները ականներ են տեղադրած եղել այդ ճանապարհին, որով անցնելու ժամանակ էլ պայթել է ավտոբուսը: Թուրքիայի իշխանությունները շարունակում են զինյալների չեզոքացմանն ուղղված օպերացիան:
Տեղեկացնենք, որ երեկ՝ վաղ առավոտյան, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Սակայն պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռու` Թուրքիայի տարածքում: Հավանաբար, խոսքը հենց զինվորականներ տեղափոխող միկրոավտոբուսի պայթյունի ձայնի մասին է:
Պայթյունի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզի Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանի հետ, ով ասաց. «Ես գյուղապետարանում էի: Մենք հենց լսեցինք այդ պայթյունը, սկսեցինք անհանգստանալ: Մեկմեկու հարցնում էինք, թե ինչ պայթյուն է, ինչ եղավ, ինչը պայթեց: Հետո հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Թուրքիայում է եղել եւ մեզ մոտ զգացվել է: Բայց նշեմ, որ մենք սովոր ենք նման ձայների, որովհետեւ մեր մոտ սահմանը մինապատած է, եւ պարբերաբար լսում ենք նման պայթյունի ձայներ: Պատահում է, որ գյուղի անասունները գնում, կանգնում են մինի վրա ու պայթում»:
Պայթյունից հետո գյուղացիները սկսել են անհանգստանալ եւ անմիջապես զանգահարել են գյուղապետին: «Մեր գյուղում տարիներ առաջ մի գազի բալոն պայթեց, որի հետեւանքով գյուղի երիտասարդ տղաներից մեկը՝ Գեւորգը, մահացավ: Արազափցիները հիշել էին այս դեպքը: Հենց պայթյունը լսել են, մտածել են, որ կրկին գազի բալոն է պայթել, դրա համար վախեցած ինձ էին զանգահարում: Բայց լավ էր, որ Թուրքիայում էր: Թուրքիան է պայթել: Ընենց պայթեր, որ ես իմանայի»,- վրդովված նկատեց Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը զգացվել է նաեւ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ակնաշեն, Լուսագյուղ, Մարգարա, Բերքաշատ, Արարատի մարզի Ռանչպար, Նորամարգ եւ այլ գյուղերում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանու ընտրություններ կկայանան Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ եւ Սարիգյուղ համայնքներում: Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ավագանու 7 տեղի համար առաջադրվել էր 8 թեկնածու:
Նոյեմբերյան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ մի շաբաթ առաջ ավագանու թեկնածուներից մեկը՝ «Երիտասարդ Տավուշ» ՀԿ համայնքային կազմակերպիչ Գոհար Ամիրխանյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով՝ Սարիգյուղի ավագանու ընտրություններում մրցակցություն չկա: Իսկ, ահա, Խաշթառակում ավագանու 7 տեղի համար գրանցվել է 10 թեկնածու: Նրանցից 3-ը ՀՀԿ անդամ է, 7-ն՝ անկուսակցական: 2015թ. մայիսի 29-ին Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը բուժման նպատակով Ռուսաստան գնալու պատճառաբանությամբ հրաժարական էր տվել: Այդ համայնքում նշանակվել են արտահերթ ընտրություններ:
Սեպտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել էր 2 թեկնածու՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ Իջեւանի տարածքային խորհրդի կողմից առաջադրված Անդրանիկ Վիրաբյանը եւ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Արմեն Մովսիսյանը: Անդրանիկ Վիրաբյանն աշխատում է որպես «ՀիմաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի վարիչ: Նա 2012թ. փետրվարի 12-ին կայացած Խաշթառակի գյուղապետի ընտրություններում թեկնածու էր, սակայն գյուղապետ ընտրվեց Հայկ Քամալյանը: Ա. Վիրաբյանը Խաշթառակ համայնքի ղեկավարի նախորդ ընտրություններում հանդես էր գալիս որպես ԲՀԿ անդամ, նա այդ կուսակցության Իջեւանի տարածաշրջանային կազմակերպության երիտասարդական թեւի ղեկավարն էր:
Սեպտեմբերի 4-ին Արմեն Մովսիսյանը դիմում է ներկայացրել Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանին` հանելով իր թեկնածությունը: Այսպիսով Խաշթառակում գյուղապետի ընտրությունները տեղի կունենան առանց մրցակցության:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 3:0 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաիի նկատմամբ եւ պահպանել անցած տարի Տաշքենդում նվաճած չեմպիոնական տիտղոսը: Ալեքսանյանը առաջին փուլում 8:0 հաշվով հաղթել էր ճապոնացի Յաշուիրո Յոնեհիրային, 1/8-րդում 4:0 հաշվով առավելության հասել նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով պարտության մատնել ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին, իսկ կիսաեզրափակիչում 9:0 հաշվով՝ ռումինացի Ալին Ալեքսուս Չիուրարիուն: