«ՅՈՒՆԻՖԻՇ»-Ը ՍՆԱՆԿԱՑԵԼ Է, ԻՍԿ ՏՆՕՐԵՆԸ՝ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օր օրի աճում է սնանկացող ընկերությունների թիվը, ընդ որում, այդ ցուցակում են հայտնվում նաեւ այնպիսի խոշոր ընկերություններ, որոնք իրենց դաշտում ունեին կայուն տեղ եւ հանդիսանում էին թելադրողներից մեկը: Այդպիսի ընկերություններից է ձկնամթերքի երբեմնի խոշոր արտադրող «Յունիֆիշ» ընկերությունը: Ավելի քան երկու ամիս է, ինչ այս ընկերությունը սնանկացել է:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսի 9-ին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Յունիֆիշ»-ին: Եւ դատարանի՝ հուլիսի 9-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել: Տեղեկացնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին եւ մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքներից դուրս: Ի դեպ, ձկնաբուծարանը զբաղվել է նաեւ սննդային կարմիր եւ սեւ խավիարների արտադրությամբ: Սակայն վերջին շրջանում ընկերությունը ոչ միայն պարտքեր էր կուտակել, այլեւ ուներ արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ: Մասնավորապես ընկերությունը չէր կարողանում արտահանում իրականացնել դեպի ՌԴ. ռուսական կողմը ինչ-որ խախտումներ էր հայտնաբերել, որոնց պատճառով ընկերության արտադրանքի նկատմամբ տեւական ժամանակ կիրառվում էր ուժեղացված հսկողություն:
Ինչու է ընկերությունը հայտնվել նման իրավիճակում: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի հետ, սակայն նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված էին: Արդյունքում «Ժողովուրդ»-ը ընկերության ճակատագրի հետ կապված հարցերի շուրջ զրուցեց «Յունիֆիշ»-ի սնանկության գործերով կառավարիչ Հարութ Ղարիբյանի հետ:
-Պարո՛ն Ղարիբյան, ինչո՞ւ է ընկերությունը հայտնվել այս վիճակում: Որտե՞ղ է ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:
-Կարծում եմ, որ պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներն էին, քանի որ ժամանակին ընկերությունը մեծ ծավալներով արտահանում է իրականացրել դեպի ՌԴ: Իսկ ընկերության տնօրենը՝ Արմեն Մկրտչյանը, Հայաստանից բացակայում է: Ընկերությունը մինչեւ սնանկացման գնալը երկու ամիս զրկված է եղել էլեկտրաէներգիայից եւ ընդհանրապես ձկնակեր չի ունեցել: Մոտ 50 մլն դրամ ընկերությունը «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պարտք է, ինչի պատճառով էլ էլէներգիան երկու ամիս շարունակ անջատված է եղել:
-Իսկ ի՞նչ է եղել ձկների հետ, սատկե՞լ են:
-Բարեբախտաբար մեծ քանակության ձուկ չսատկեց, որովհետեւ սնանկ ճանաչվելուց հետո «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը ֆինանսավորել է, փոխհատուցում է տրամադրել, ինչով եւ ձեռք ենք բերել ձկնակեր: Տվյալ պահին ե՛ւ ձկնակեր կա, ե՛ւ էլեկտրաէներգիան է միացված: Հսկայական ծավալներով ձուկ սատկել է միայն ձկնակեր եւ էլէներգիա չլինելուց: Եթե եւս երկու ամիս մնայինք այդ կարգավիճակում, ապա ընդհանրապես ձուկ չէինք ունենալու: Բանկը էլէներգիայի մասով ունեցած պարտքի կանխավճարը տվել է: Տվյալ պահին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի ֆինանսավորմամբ պահպանում ենք ունեցվածքը, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի:
-Այս պահին ձկնաբուծարանում աշխատողներ կա՞ն, արդյո՞ք ընկերության աշխատակիցներն են:
-Մենք հին աշխատողներին խնդրեցինք, որպեսզի գան եւ շարունակեն աշխատել, որովհետեւ ընկերությունը աշխատողներին հսկայական պարտքեր ուներ, եւ աշխատավարձ չստանալու պատճառով նրանց մեծ մասը գնացել էր: Խնդրել ենք, եկել են, հիմա էլ բարեխիղճ աշխատում են: Կարճ ասած՝ այս պահին փորձում ենք տնտեսությունը փրկել, որպեսզի վաղը կամ մյուս օրը առողջ տնտեսություն ներկայացնենք աճուրդի:
-Բայց ընկերությունն ունի՞ բավարար քանակությամբ ձուկ, որով կկարողանա պարտքերը մարել:
-Եւ ձկան քանակությունն է մեծ եւ ունեցած վարկերի, պարտքերի ծավալները: Մոտ 15 մլն դոլար ընկերությունը միայն պարտք է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին, շուրջ 700 հազար եվրո՝ «Էյջ էս բի սի բանկ»-ին: Ընկերությունը պարտքեր ունի նաեւ մատակարարներին, աշխատակիցներին: Կարծում եմ, որ ունեցած ձկան պաշարը կբավարարի՝ կուտակած պարտքերը մարելու համար:
-Այս պահին ընկերությունը ձուկ իրացնո՞ւմ է, թե՞ ոչ:
-Ո՛չ: Մենք հիմա այնտեղ գույքագրում ենք իրականացնում, որպեսզի հստակեցնենք ունեցած ծավալները: Քանի որ ընկերության տնօրենի բացակայության պատճառով բարձիթողի վիճակ էր, եւ ձկները կեր չունեին, այդ ընթացքում օրական մոտ 3000-4000 ձուկ սատկեց: Բացի այդ՝ երկու ամիս կեր չուտելու հետեւանքով ձկների մեծ մասը հիվանդություններ են ձեռք բերել. նրանց մոտ կալցիումն է պակասել, եւ ողնաշարը կոտրվել է: Այս պահին լողավազանները մաքրում ենք. առողջ ձուկը մի կողմում ենք առանձնացնում, իսկ հիվանդը՝ մեկ այլ: Նաեւ մանրներն ու խոշորներն էլ ենք իրարից առանձնացնում:
-Ընկերության տնօրենը առանց տեղյակ պահելո՞ւ է հեռացել երկրից:
-Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանն էլ է սնանկ ճանաչված, անձնական պարտքեր ունի, իր սեփական տունն էլ է գրավադրված: Եւ նա երկրից հեռացել է անհայտ ուղղությամբ: Իր որդու հետ խոսել եմ, բայց վերջինս պնդում է, որ տեղյակ չէ, թե որտեղ է իր հայրը, եւ ոչ մի տեղեկություն չունի նրանից: Ընկերության գործունեության նպատակով անձնական միջոցներ է ներդրել, բայց օգուտ չի ունեցել:
-Հայտնի է նաեւ, որ ընկերության սեփականատերը ազգությամբ ռուս Օլեգ Դուեւն է: Նա ինչ-որ կերպ չի՞ փորձում ընկերությունը հանել այս վիճակից:
-Ինքը հաճախակի գալիս-գնում է ՀՀ: Բայց ինչ-որ ռեալ քայլեր չի իրականացնում: Հավանաբար բիզնեսի շահերից ելնելով մտադրություն ունի կրկին ձուկ արտահանել դեպի ՌԴ: Փորձում եւ ամեն ինչ անում ենք, որ ընկերությունը հանենք էս վիճակից, բանկը մեզ շատ օգնեց այս հարցում: Տնտեսությունը կմտցնենք աճուրդային շուկա, որ վաղը գնորդը կարողանա լիարժեք տնտեսություն ունենալ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՍՊԱՌՈՂԸ ՉԻ ԶԳԱ
Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որից հետո բավական ուշացումով հաղորդագրություն տարածվեց քննարկված հարցերի մասին: Մասնավորապես պաշտոնական հաղորդագրության մեջ նշվեց, որ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրվել, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչեւ 165 դոլարի: Նաեւ ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր:
Անդրադառնանք գազի գնի իջեցման վերաբերյալ համաձայնագրին: Առաջին հայացքից թվում է, թե գազի գնի նվազեցումը կազդի նաեւ շարքային քաղաքացիների վրա: Սակայն ոչ: Այդպես չէ: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցում նախ նշել է, որ այս համաձայնագիրը նորություն չէ, դրա մասին քննարկումներ եղել են դեռեւս այս տարվա ապրիլին: «Դա նորություն չէ, ինչպես նաեւ նորություն չէ 200 մլն դոլարի վարկը: Տպավորություն է, թե դա նոր է, բայց այդպես չէ, դրա վերաբերյալ ԱԺ-ում քննարկումներ են եղել, վավերացում եղավ: Եթե մենք համաշխարհային շուկան նայում ենք, ապա գազի գները միտում ունեն դեպի նվազեցման: Սա պարզապես նախկին համաձայնությունների վրա շղարշ է, որ տեսեք՝ ՌԴ-ն ինչ-որ դրական բան է արել ՀՀ-ի համար: Իսկ այդ որոշման ընդունումը պայմանավորված էր փոխարժեքի տատանումներով: Սպառողի վրա ոչ մի կերպ չի անդրադառնալու: Գազի գինը էժանանալու է սահմանի վրա, բայց չէ որ սահմանից մինչեւ շարքային սպառողին տեղափոխումն իրականացնում է «Գազպրոմ Արմենիան»: Իսկ իջեցման տրամաբանությունը հետեւյալն է՝ դրամ-դոլար հարաբերակցությունը փոփոխվել է, եւ այս պարագայում «Գազպրոմ Արմենիան» պետք է դիմեր սակագինը բարձրացնելու համար: Եվ որպեսզի չդիմեր սակագինը բարձրացնելու առաջարկով, ռուսների հետ համաձայնության արդյունքում գազի գինը իջեցվեց, որ ընկերությունը էժան գնով բնակչությանը գազ մատակարարի»,- մանրամասնեց տնտեսագետը:
Նրա խոսքով` եթե համաձայնագիրը ապրիլին չկնքվեր, գազի գինն անխուսափելիորեն թանկանալու էր, չնայած նրան, որ միջազգային շուկայում գազի գինը նվազում է: Ստացվում է` ռուսական կողմը փորձում է այնպես անել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն, որը ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է Հայաստանում, իր շահույթը չկորցնի. «Եվ ներկայացնել, թե դա ինչ-որ բարեգործություն է կամ դրական վերաբերմունք, ճիշտ չէ: Ռուսաստանն այս առումով խնդիր ունի, քանի որ Ուկրաինան էլ է հրաժարվում Ռուսաստանից գազ ձեռք բերել, նույն Չինաստանն էլ մեծ հաշվով ավելի էժան գներ է պահանջում, քան ՌԴ ներպետական գներն են»:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ




Լրահոս