Մի քանի օր է ինչ համացանցը ողողված է այսպես կոչված «դեղին գծերի» թեմայով: Ինչ են իրենցից ներկայացնում դեղին գծերը: Դրանք ծառայողական ավտոկայանատեղիներ են, որոնց տարածքը Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ հանձնվում է այս կամ այն հիմնարկին: Ծառայողական ավտոկայանատեղիներում բացի տվյալ ընկերության աշխատակիցների մեքենաներից այլ մեքենաների կայանումն արգելված է: Այդպիսի կայանատեղիների հաճախ կարելի է հանդիպել մայրաքաղաքի փողոցներում: Վարորդների դժգոհությունը շատացել է: Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում մեքենան կայանել իրենց ավելի հարմար տեղում: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ դա արգելափակում է իրենց ազատ տեղաշարժը: Նրա խոսքով` քաղաքի բոլոր հատվածները վարձակալում են և արգելում մնացած վարորդների կայանումը:
Իսկ ահա քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ փոխանցեց, որ այս կամ այն ընկերության հարակից հատվածները վարձակալության հիմունքով են տրվում: «Դրանք չեն վաճառվում կամ սեփականաշնորհվում: Պարզապես վարձակալության հիմունքներով տրամադրվում են տվյալ հիմնարկին: Իսկ դեղին գույնով առանձնացնելը Ճանապարհային ոստիկանությունն է որոշել, իրենց հարցրեք ինչու հենց դեղին: Դա համարվում է ճանապարհային նշան»,- ասաց Արթուր Գևորգյանը: Այդ կայանատեղիներից ստացված գումարները, Գևորգյանի խոսքով, փոխանցվում են քաղաքապետարանի բյուջե: Իսկ տարեկան վարձավճարը կախված է նրանից, թե այդ տարածքը Երևանի որ վարչական շրջանում է գտնվում: Բնականաբար, Երևանի կենտրոն վարչական շրջանում վարձավճարն ավելի բարձ է:
Փորձեցինք կապ հաստատել նաև Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հետ, սակայն վերջինս մեր հարցերին չպատասխանեց` պատճառաբանելով, որ զբաղված է: «Խնդրում եմ ինձ զանգահարեք վաղը կամ երկուշաբթի օրը»,- հայտարարեց ՃՈ պետը:
Քրիստինա Աղալարյան