«Նոր Նորքի կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները կրկին դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Բանն այն է, որ նրանք մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանում Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու աշխատանքներին եւ 2 շաբաթ 3 ժամ ավել աշխատանք են կատարել, սակայն դրա դիմաց չեն վարձատրվել:
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը հոդված էր գրել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի «Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր մաքրման եւ նորոգման աշխատանքներ էին իրականացրել Նոր Նորքի 1-ին զանգվածի Կրպեյանի անվան զբոսայգում, 3 ժամ ավել կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել: Նրանց ամսական աշխատավարձը կազմում է 73 հազար դրամ, աշխատանքային ժամերն են 08.00-16.00-ն, զբոսայգու հետ կապված նրանք 2 շաբաթ աշխատել են 08.00-19.00-ը, սակայն ավել ժամերի դիմաց այդպես էլ ոչ մի դրամ չեն ստացել:
Պարզվում է՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների դժգոհությունը լուսաբանելուց հետո նույն ՓԲԸ-ի եւ Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները սկսել են կոպտել նրանց՝ ասելով հետեւյալը. «Ձեր կարծիքով մեզ թերթո՞վ պետք է վախեցնեք, թե՞րթը մեզ պետք է ստիպի, որ ձեզ փող տանք: Էդքանն է ձեզ հասնում, եթե չեք ուզում, գնացեք գրասենյակ, դիմում գրեք ու ազատվեք, էնքան մարդ կա հերթ կանգնած»:
«Իրենց այսպիսի լկտի պահվածքից հետո էլ մենք ստիպված ենք լինում աշխատել: Հանդուրժում ենք իրենց այս խոսքերը: Ի՞նչ արած: Իսկ մեր քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը, մասնակցեց այգու բացմանը, որից հետո գնաց ուտել-խմելու, բայց չշրջվեց ու մեզ շնորհակալություն չասաց»,- զայրացած նկատեց ընկերության աշխատակիցներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:
«Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ-ից ոչ ոք չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին, ինչի պատճառով կապ հաստատեցինք Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանի հետ: Սակայն պարզվեց՝ թաղապետը ոչնչից տեղյակ չէր. ուղտի ականջում քնած է: «Դրանք հեքիաթներ են, չի կարող նման բան լինել: Ես պատրատ եմ դժգոհող քաղաքացիներին ընդունել, զրուցել իրենց հետ: Իրենք իրենց աշխատավարձը սահմանված ժամանակին ստանում են: Չկա նման բան, բայց ես խոստանում եմ ուսումնասիրել խնդիրը: Էս թվին աշխատացնեն ու աշխատավարձ չտա՞ն (ծիծաղում է-Ս.Հ.): Ես չեմ պատկերացնում այդպիսի բան: Եթե նրանք եկել են ու ավել աշխատել են, ապա մյուս օրերին ազատ են մնացել»,- արդարացավ թաղապետը:
Ստացվում է, որ տեղական իշխանիկները, մոռացած օրենքի ու օրինականության մասին, մարդկանց հետ վարվում են ինչպես տերը ծառայի հետ: Մարդիկ ավելի հանգիստ կապրեին, եթե համոզված լինեին, որ հարգված եւ պաշտպանված են իրենց ընտրած ղեկավարության կողմից: Սակայն իրականում ամեն ինչ հակառակն է: Հուսով ենք՝ «Ժողովուրդ»-ի այս հոդվածը գոնե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արձագանք կունենա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ