ԱԺ հանձնաժողովը մինչև մեկ տարով հետաձգեց Զարուհի Փոստանջյանի` հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև մեկ տարով հետաձգեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը: Նախագծով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերով հարուցված քրեական գործերը և  կապահովի դրանց թափանցիկությունը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ կան շատ դեպքեր, երբ խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերով հարուցված քրեական գործերը անաչառ քննության չեն ենթարկվում և հետո կասեցվում են:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ գաղափարը շատ լավն է, սակայն ներկայացված նախագծում կան բազմաթիվ խմբագրական սխալներ, որոնք շտկելու  կարիք ունեն: «Ես առաջարկում եմ հետաձգել նախագիծը, որովհետև այս տեսքով չենք կարող այն քվեարկել: Կան խմբագրական սխալներ, իրավական ձևակերպումները ճիշտ չեն: Ես պատրաստ եմ աշխատել հեղինակի հետ, որպեսզի շտկենք այդ սխալները և կրկին քննարկել, որովհետև գաղափարը լավն է և շատ կարևոր»,­ ասաց Ջհանգիրյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ընդգծեց, որ ողջունում է գաղափարը, սակայն նախագիծը փոփոխությունների կարիք ունի:




Լրահոս