Armlur.am-ն արդեն անդրադարձել էր Բաղրամյանում դպրոցականների թունավորմանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:15-ին, ստացվել է հաղորդում, որ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում 4-7-րդ դասարանի աշակերտներ են թունավորվել, իսկ նույն օրը՝ ժամը 12:20-ին, Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցից հիվանդանոց է ընդունվել 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ գյուղից՝ 8, ընդհանուրը՝ 48 երեխա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի ընթացքում Բաղրամյանի և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներում կատարվել են դեպքի վայրի զննություններ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և որակի վերահսկման տեսչության, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելման վերահսկման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ:
Կատարված քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում տեղակայված ԱՁ-ն, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրեր է կնքել Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցների հետ՝ հացաբուլկեղեն մատակարարելու նպատակով, և յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան, հացաբուլկեղեն է մատակարարել: