Կրկնակի գումարով «պրծան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակիչ, 1990թ. ծնված Գեւորգ Գեւորգյանը, նախնական համաձայնության գալով 1986թ. ծնված Ասատուր Ծատուրյանի հետ, 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 02-ից 04-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջանի ամֆիթատրոնի տարածքից հափշտակել են քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի քանդակած, Դիլիջանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, մոտ 600 հազար դրամ արժողությամբ մարմարե «Հայուհի» արձանը, որը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկ տեղափոխելու ընթացքում անզգուշորեն վնասել են` պատճառելով 60 հազար դրամի վնաս:

Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Առանձնակի արժեք ունեցող առարկաները հափշտակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնակի արժեք ունեցող առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում»), նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո, սակայն, մեղադրողը որոշում է ներկայացրել Գ. Գեւորգյանի եւ Ա. Ծատուրյանի մեղադրանքը փոփոխելու մասին. երկուսին էլ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով»): Դատարանում տված իրենց ցուցմունքներում Գեւորգ Գեւորգյանը եւ Ասատուր Ծատուրյանն իրենց մեղավոր են ճանաչել:

Գեւորգյանը դատարանում ասել է, որ ինքը ծառայել է Դիլիջանում, միշտ ուշադրություն է դարձրել «Հայուհի» արձանին, այն կոտրված է եղել, եւ ինքը 2013թ. մտադիր է եղել այն վերանորոգել: Նշենք, որ Գ. Գեւորգյանը գողացված արձանը տեղադրել է Երեւանում բնակվող իր աներոջ՝ Տիգրան Ռաֆայելյանի առանձնատան բակում: Ասատուր Ծատուրյանն էլ ասել է, թե Գեւորգն առաջարկել է արձանը տեղափոխել Երեւան՝ նորոգելու, ինքն էլ համաձայնել է, հետո են հասկացել, որ իրենց արարքը գողություն է: Նա նաեւ խոստովանել է, որ դեպքի օրն ալկոհոլ է օգտագործել, սակայն իր գործողություններին տիրապետել է: Դատարանը Գ. Գեւորգյանի եւ Ա. Ծատուրյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նրանք դրական են բնութագրվում, ընդունում են իրենց մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար: Նշենք, որ Գ. Գեւորգյանը վերականգնել է Դիլիջանի քաղաքապետարանին պատճառված 60 հազար դրամ նյութական վնասը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ յուրաքանչյուրին դատապարտել 600 հազար դրամ տուգանքի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս