Սովետական ուղեղներ ունեցող չինովնիկները պետք է հասկական, որ այս երիտասարրդները նոր են և բռնությունը չի աշխատում. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Ինչպես հայտնի է, ոստիկանությունը նրանց 6 ժամ ժամանակ է տվել՝ ազատել Բաղրամյան պողոտան: Ակտիվիստներին որպես քաղաքացի է միացել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Ա. Սիմոնյանին:

-Պարոն Սիմոնյան, Դուք այստեղ եք որպես կուսակցության ներկայացուցիչ, թե պարզապես ՀՀ քաղաքացի:

– «Քաղաքացիական պայմանագիր»-ը որպես քաղաքական կուսակցություն այստեղ չէ, ես այստեղ որպես քաղաքացի եմ:

-Դեպքերին ինչպիսի գնահատական կտաք:

-Ես համարում եմ, որ քաղաքացիները լիովին իրավունք ունեն այս գործողություններին դիմելու: Որևիցե ձևով չեմ դատապարտում, որևէ արտառոց, վախենալու անհանգսացնող բան չեմ տեսնում: Կարևորն այն է, որ իշխանությունները դա հասկանան և երիտասարդների նկատմամբ հերթական սխալ քայլը չանեն և ուժ չկիրառեն:

-Ուժ կիրառելու մասով. ինչ եք կարծում, ոստիկանությունը բռնություն կկիրառի ակտիվիստների նկատմամբ: Նկատենք նաև, որ այս անգամ Բաղրամյանը բոլոր կողմերից շրջափակված է: 

-Կարծում եմ՝ դա նույնպես կլինի քաղաքական որոշում: Այսինքն՝ այդ որոշումը ոչ թե կայացնելու են ոստիկանները, այլ քաղաքական ղեկավարները: Ես բազմիցս ասել եմ՝ ոստիկանների առկայությունը հոգեբանական ճնշում գործադրելու համար է: Սովետական ուղեղներ ունեցող չինովնիկները պետք է հասկական, որ այս երիտասարրդները նոր են և դա չի աշխատում:

Նախորդ դեպքերից հետո բարձրաստիճան ոստիկաններից մեկն ինձ հետ մասնավոր զրույցի ժամանակ ասում էր, որ իրենք անկեղծ զարմացած էին ջրցան մեքենայի կիրառման ժամանակ երիտասարդների արձագանքից: Ասում էր՝ մենք զարմացած էինք, որ նրանք ոչ վախենում էին, նույնիսկ մարդիկ կային նկարվում էին այդ ընթացքում:

-Այս պայքարը վերջիվերջո իր նպատակին կհասնի՞, ըստ Ձեզ:

-Ազնիվ չի լինի հիմա գնահատական տալը, որովհետև իրադարձությունները կարող են ամենաանսպասելի ձևով զարգանալ: Մենք անցած անգամ տեսանք, որ նույն քանակության մարդ հավաքվեց, ոստիկաններն անօրինական բիրտ ուժ կիրառեցին և մյուս օրը շատ ավելի շատ մարդ հավաքվեց: Հիմա կարծում եմ՝ նույն սխալը չեն կրկնի: Ես վստահ եմ, որ այսօր ուժ չի կրառվի: Առավոտյան մնացածներին, որոնց քանակը կլինի 20-30 հոգի, կփորձեն տանել: Բայց դա չի նշանակում, որ վաղը նույնը չի կրկնվի և որ հարցը լուծվել է:

-Եթե ոստիկանությունն, այնուամենայնիվ, որոշի բռնի ուժով ցրել ակտիվիստներին, Ձեր կարծիքով, նախորդ անգամվա նման մարդիկ ոտքի կկանգնե՞ն:

-Ես հիասթափված կլինեմ, եթե այդպիսի բան չլինի: Ես վստահ եմ, որ կլինի այդպես՝ ավելի շատ մարդ կհավաքվի:

Հիշեցնենք, որ նախաձեռնության պահանջներն են չեղարկել հոսանքի թանկացման ապօրնի որոշումը, պատժել իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և էժանացնել հոսանքի սակագինը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս