«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, այնուամենայնիվ, մտադիր է արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունների շենքերը հյուրանոց դարձնել: Նման մտադրության մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին․ ԱԳՆ-ի առաջին հարկում տեղավորված «Նոյյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է դրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ բարերարը նեղվել է եւ գործընթացը կանգնեցրել։
Այժմ նորից իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե Էռնեկյանը խաղաղվել է եւ մտադիր է, այնուամենայնիվ, հյուրանոցը կառուցել: Ավելին, ասում են, թե արգենտինահայ գործարարը մտադիր է նաեւ մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան մետրո կառուցել: Իսկ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի համար մտահոգվողներին էլ հանգստացնում են՝ Հանրապետության հրապարակում գտնվող այդ երկու շենքերը հյուրանոց կլինեն, թե նախարարություն, ոչ մի տարբերություն չկա, քանի որ շենքի ֆասադը չի փոխվելու։ Տարբերությունը, ասում են, միայն այն է, որ առաջինի դեպքում գոնե նոր աշխատատեղերի հույս կա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: