ՆԱԽՕՐՈՔ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ ՀԱՐՑԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե որեւէ արտառոց բան չկա, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին Վարդենիսում մի քաղաքացի ադրբեջաներենով է դիմել:
-Պարո՛ն Գրիգորյան, Վարդենիս քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել: Ըստ Ձեզ՝ քաղաքացուն թվացել է՝ Սերժ Սարգսյանը հայերեն չի՞ հասկանում, որ օտար լեզվով է խոսել:
-Հակառակը, նախագահն ասաց, որ կարող եք չթարգմանել, գիտեք, որ ես էլ եմ հասկանում: Բոլորին է հայտնի, որ նախագահն ինքն առաջարկում է, որպեսզի բաց երկխոսություն լինի: Եվ կարծում եմ, Դուք համաձայն եք ինձ հետ, որ նախնական ոչ մի պայմանավորվածություն մենք ձեռք չենք բերում: Հանդիպումները լինում են բաց եւ ազատ: Մարդիկ այդ հանդիպումների ժամանակ կարող են ազատ արտահայտվել եւ հարց բարձրացնել: Ու այս անգամ տեղից ցանկություն հայտնեց մեկը՝ խոսելու համար: Ես հետագայում տեղեկացա, թե նա քանի տարեկան է: Հետո ինձ ասացին, որ ինքն ունի հիշողության կորուստ՝ 85 տարեկան է: Իսկ եթե իմ կարծիքն եք ուզում լսել, թե ինչու այդ քաղաքացին իր խոսքը կեսից փոխեց ադրբեջաներեն, ապա ասեմ, որ երկար տարիներ Վարդենիսի տարածաշրջանում ապրել են նաեւ ադրբեջանցիներ, ու երեւի ինքը շփումների մեջ է եղել: Չեմ կարող ասել, թե ինչու հենց ադրբեջաներեն խոսեց:
-Բայց սա առաջին զավեշտալի դեպքը չէ նախագահական քարոզարշավի ժամանակ: Վերջերս մշտապես Սերժ Սարգսյանը նման իրավիճակներում է հայտնվում: Հայտնի «Չեբուրաշկայի», «խիարի» եւ նման դեպքերին այժմ էլ գումարվեց այս «ադրբեջաներենը»:
-Ես արդեն շեշտեցի, որ դրա հիմնական պատճառն ան է, որ հանդիպումները մեր թեկնածուի հետ լինում են բաց եւ ազատ: Մարդիկ ազատ են իրենց արտահայտություններում եւ կարող են ցանկացած հարց բարձրացնել: Կարծում եմ, որ դա գալիս է մարդու մտածելակերպից եւ մակարդակից, թե ինչ հարց կբարձրացնի: Մենք նախօրոք չենք տեղեկանում, մարդկանց չենք նախապատրաստում՝ ի տարբերություն շատ այլ թեկնածուների: Շատ քաղաքական ուժեր նախօրոք հարցերի մասին տեղեկանում են ու հարցերի պատասխաններն անգիր անում:
-Բայց լուրեր կան, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն էր պլանավորել այդ հարցը, քանի որ ադրբեջաներեն խոսողը նրա հորեղբայրն էր: Դուք զրուցե՞լ եք քաղաքապետի հետ, ինչո՞ւ նման անհարմար իրավիճակ ստեղծեցին Սերժ Սարգսյանի համար:
-Ինձ չէր հետաքրքրում, թե ով էր: Ես վերջում տեղեկացա այդ ամենի մասին ու շատ նորմալ եմ վերաբերում: Մի բան եմ ուզում հստակ նշել, որ այդտեղ արտառոց ոչինչ չկա, բաց երկխոսություն էր: Ու դրա հեղինակը 85 տարեկան անձնավորություն էր: Կարծում եմ, որ դա պետք չէ զավեշտալի համարել:
-Պարո՛ն մարզպետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Ձեր մարզի նորապսակ զույգերին նվերներ է տվել: Դա արդյոք ընտրակաշառք չէ:  
-Կարծում եմ՝ կոռեկտ չէ այդ հարցը: Ի վերջո, եկե՛ք չմոռանանք, որ մենք հայ ենք եւ ունենք մեր ավանդույթները: Կարծում եմ՝ ամեն մի երիտասարդի համար մեծ պատիվ է, որ իր ամուսնության օրը նվեր է ստացել հանրապետության նախագահից: Ու հարցը ոչ թե նվերի արժեքն է, այլ ուշադիր վերաբերմունքը: Ցանկացած մեկի համար դա մեծ պատիվ է: Իսկ ցանկացած մեկը կվարվեր այնպես, ինչպես նախագահը վարվեց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս