Հայաստանում թեւածում է անհավեսությունը: Գրեթե բոլոր ոլորտների պատասխանատուներն աշխատում են պարզապես օր մաշեցնելու համար: Ու անգամ երբեմնի սիրած զբաղմունքն է շատերի համար դարձել պարզապես աշխատանք: Փորձենք հասկանալ, թե ինչու է նման իրավիճակ ձեւավորվել երկրում:
Քանի որ երկրի համար ամենակարեւոր իրադարձությունը՝ ՀՀ նախագահի ընտրությունները, հետաքրքրություն չեն առաջացնում ինչպես շարքային քաղաքացու, այնպես էլ Հայաստանում լուրջ դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի մոտ, ուստի այդ գործընթացը կարելի է համարել անիմաստ: Իսկ անիմաստ երեւույթների կամ իրադարձությունների վրա ուշադրություն դարձնելը կարող է արվել միայն երկու պարագայում. կա՛մ պարտադրված՝ որպես աշխատանք, կա՛մ պարապությունից դրդված: Եվ ահա Հայաստանի ընտրական գործընթացին այս շրջանում հետեւում են նշված երկու կատեգորիայի մարդիկ: Մնացածը պասիվ դիտորդներ են:
Իհարկե, ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը փորձում է իր հրապարակային ելույթներում գրեթե ամեն օր ՀՀ քաղաքացիների մեջ տրամադրություններ սերմանել, թե ինքը չէ մեղավորը, որ երկրի հիմնական դերակատար քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրություններին, այնուամենայնիվ, դա այդպես չէ: Լինելով ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձնավորություն՝ Սարգսյանը պարտավոր էր այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ մարդկանց մոտ ընտրական գործընթացի նկատմամբ հավատը վերջնականապես չմարեր: Այնինչ, Սերժ Սարգսյանն առավել վարկաբեկեց այդ համակարգը՝ գործի դնելով ընտրակաշառքը՝ որպես պետական մեխանիզմ: Եթե մինչ այդ ընտրություններն ընթանում էին ծեծ ու ջարդով, բռնություններով, ապա Սերժ Սարգսյանը դրանք փոխարինեց համատարած «ժողովրդավարական» ընտրակաշառքով՝ անհարմար իրավիճակի մեջ դնելով նաեւ հասարակության լայն շերտերին:
Ու քանի որ ցանկացած երեւույթ ունի բուրգի էֆեկտ, այսինքն՝ վերեւից իջնող տրամադրություններն են ազդում շարքայինների վրա, հետեւաբար գլոբալ անհավեսությունը դառնում է լոկալ: Ու ստացվում է, որ երկրում համատարած անհավեսություն է տիրում ե՛ւ վերեւում, ե՛ւ ներքեւում:
ՈՉՆՉԻ «ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵՆՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ