Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դեկտեմբերի 9-ը հայտարարել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության, ինչպես նաև այդ հանցագործության կանխարգելման օր:
Նշվում է, որ Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) գնահատում է Հայաստանի Հանրապետության դերակատարությունը բանաձևի ընդունման հարցում: Բացի այդ բանաձևին աջակցել են կազմակերպության անդամ ավելի քան 80 երկիր:
Դեկտեմբերի 9-ին Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը կմիանա համաշխարհային հանրությանը` հիշելու մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործությունները:
Տեղեկացվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիմնական առաքելությունն է հիշել անցյալում իրագործված սարսափելի ոճիրները՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։
Նշվում է, որ 2014 և 2015թթ. ընթացքում միջազգային հանրությունը ոգեկոչել է նախորդ դարում կատարված ամենասոսկալի ոճիրների` Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում կարմիր կխմերների իրագործած սպանդի 40-րդ տարելիցը, ինչպես նաև Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների զոհերի հիշատակը։
Այս հանցագործությունների ֆոնին ՄԱԿ-ն ու դրա անդամ պետությունները նախաձեռնում են պատասխանատվություն կրել անցյալի սխալների համար, ինչպես օրինակ 2005 թ ընդունված Պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը: Սակայն շարունակվող ճգնաժամը շեշտում է ցեղասպանություններն ու զանգվածային կոտորածները կանխելուն ուղղված ավելի արդյունավետ քայլեր ձեռնակրելու անհրաժեշտությունը: