ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՎԱՍԱԼՈՒԹՅՈՒՆ
Վերջերս մի շարք համացանցային կայքերի մուտքն արգելափակվել է հայաստանաբնակ օգտատերերի համար: Մոնիտորին հայտնվող հաղորդագրությունը տեղեկացնում է, որ կայքերի մուտքն արգելափակված է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի կողմից` համաձայն ՌԴ օրենսդրության եւ ՌԴ դատարանի որոշման: ՏՏ ոլորտի մասնագետների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում պարզվել է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայաստանյան դուստր ձեռնարկություն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն է: Մինչդեռ Հայաստանը միջազգային իրավունքի ինքնիշխան եւ անկախ սուբյեկտ է, որի տարածքում գործում են բացառապես իր կողմից ընդունված ներպետական եւ միջազգային իրավական նորմերը: Բայց, ինչպես տեսնում ենք, նաեւ այս հարցում ենք Ռուսաստանի վասալը:
ԳԱԼԻՍ ԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ
ԵԽԽՎ 31 անդամից բաղկացած պատվիրակությունը նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ փետրվարի 16-ից 19-ը կայցելի Հայաստան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով: Դիտորդական առաքելությունն իրականացվելու է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ համատեղ: ԵԽԽՎ պատվիրակությունը մինչեւ քվեարկության օրը նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
ՍԵՐԺԻ ՆՈՐ ԴԱՇՆԱԿԻՑԸ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ ասել է, թե նախագահի բոլոր թեկնածուներին, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից, համարում է իր դեմ մահափորձ իրականացրած անձանց դաշնակիցներ. «Թեկնածուները, ասես ոչինչ չի պատահել, շարունակում էին իրենց ընտրապայքարը: Այս պահվածքով դառել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը՝ Հայրիկյանի բացակայությամբ իրականացվող քարոզարշավով: Միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քաոզարշավը»:
ՈՉ ՄԻ ՓՈՒՉԻԿ
Փետրվարի 21-ին ՀՀԿ-ն պատրաստվում է «Ազատության» հրապարակում հավաք կազմակերպել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.am-ին ասել է, թե այդ օրը հայ ժողովրդի հաղթանակն են տոնելու: Հուսանք, որ այս անգամ կտոնեն առանց փուչիկների:
ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կառավարությունը երեկ որոշել է Երեւանի ավագանու ընտրությունները նշանակել մայիսի 5-ին եւ այդ ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ին հատկացնել 65 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունները 2009թ. մայիսի 31-ին էին: Ներկայում 65-հոգանոց ավագանու կազմից 35-ը ՀՀԿ խմբակցության անդամներն են, 17-ը` ԲՀԿ, 13-ը` ՀԱԿ:
ՔԱՂԱՔԱՑԻ՛, ՄԱՍՈ՞Ն ԵՍ
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կազմակերպման մեջ երեկ մեղադրել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մասոնական կազմակերպությանը: Ըստ Սեդրակյանի՝ այդ մասոնական օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Այդուհանդերձ, նա չի բացառել, որ Ր. Հովհաննիսյանն անձամբ գուցե տեղյակ չի եղել այդ մահափորձից, այն դեպքում, երբ Հայրիկյանն ինքը շատ լավ տեղեկացված է եղել:
ՉՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԿՈՉ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարություն է տարածել, որում կոչ է արել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում չքվեարկել Սերժ Սարգսյանի օգտին. «Այդպիսով՝ ընդդեմ Հայաստանում հաստատված քոչարյանասերժական հուսահատության արտահայտել հստակ դիրքորոշում՝ լինի դա առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելով, քվեաթերթիկը փչացնելով, թե ընդհանրապես ընտրական տեղամաս չգնալով»: