«Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաև` թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները և այս խնդրում հստակություն կմտցնեն: Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաև արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը Ճանապարհային ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ժամանակ:
Նա մասնավորապես նշել է, թե գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձվի՝ իրենց ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենան զուտ տուգանքներ հավաքելու նպատակ: Սերժ Սարգսյանը կարևորել է մթնոլորտի փոփոխությունը և ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված դրական վերաբերմունքի ձևավորումը. «Երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց:
Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար… Եվ երկրորդ խնդիրը. ակնհայտ է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ իրենք կանգնած են ավտոմեքենաների շարքում և հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են ու այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, և ի զարմանս ինձ՝ այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները: Արտասահմանյան համարներով մեքենաներն ինչո՞ւ պետք է արտոնություն ունենան մեր երկրում: Ի՞նչն է պատճառը…»,- շարունակել է Ս. Սարգսյանը:
Հարկ ենք համարում նկատել, որ արագաչափ սարքերը վերջերս չէ, որ տեղադրվել են Հայաստանում: Իսկ ոլորտում առկա խնդիրների մասին արդեն տևական ժամանակ է՝ ավտովարորդները բարձրաձայնում են: Այսպես, արագաչափերի՝ Հայաստան մուտք գործելուն պես ինտենսիվ խոսակցություններ եղան այն մասին, որ սնկի պես աճող տուգանքներն ու արագաչափերը զուտ բիզնես-նախագիծ են: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նորամուծությունը նաև վարորդներին կլպելու հրաշալի և անխափան աշխատող մեխանիզմ է, որտեղ հնարավոր չէ «տակ տալ». այն կայուն և հսկայական շահույթ է բերում։
Ինչևէ, ինչպես ասվում է՝ «ուշ լինի, նուշ լինի»: Երեկվա խորհրդակցությունն ու հստակ հանձնարարականներն ավտովարորդներին աննշան հույսեր արդեն իսկ ներշնչում են:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, օրինակ, մշտապես իր մտահոգություններն է հայտնել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Պատգամավորը իր ելույթներում բազմիցս նկատել է, որ ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Սակայն նրա ելույթներից հետո էլ որևէ բան չէր փոխվում: Այսօր արդեն Armlur.am-ի հետ զրույցում Էդ. Մարուքյանը վստահեցրեց, որ հանձնարարականները կարելի է առաջընթաց համարել:
Անդրադառնալով օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից արված խախտումներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մինչև հիմա խտրական վերաբերմունք կար օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների և մեր միջև: Հայաստանի քաղաքացիները տուգանվում էին խախտման համար, իսկ նրանք իրենց պետհամարանիշներով՝ ոչ: Եթե մենք Վրաստանում խախտում ենք կատարում, սահմանին տուգանքը վճարում ենք, իսկ Հայաստանում նման բան չկա: Չեմ կարծում, որ այս խնդրի քննարկումը ետընթաց է: Մենք նաև բարձրաձայնում էինք, որ մի հոծ գիծ խախտելու հետևանքով եթե վթարային իրավիճակ չի ստեղծվել կամ վթար չի եղել, մարդկանց հո վարչական պատասխանատվության չե՞նք ենթարկելու: Աբսուրդը սա է: Հիմա մեր ձայնը լսելի է դարձել: Հանձնաժողովը կզբաղվի հանձնարարություններով, ընթացքը կտեսնենք»:
Այդուհանդերձ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ երեկվա խորհրդակցությունը դեռևս առիթ չէ՝ վերջնականապես հանգիստ լինելու և ձեռքերը ծալած նստելու. պայքարը պետք է շարունակվի: Նրա խոսքով՝ նվազագույն տուգանքները՝ 5-10 հազար դրամ, պետք է ավելի նվազեցվեն: Վերջում Մարուքյանը հավելեց, որ արդարադատական ընթացակարգով սեփականության իրավունքից զրկելու մասով ինքը նախագիծ է պատրաստել, և իր գործընկերների ստորագրությունները ստանալուց հետո այդ նախագիծը շրջանառության մեջ կդրվի:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ Armlur.am-ին հայտնեց, որ եթե հանձնաժողովն իրենց կազմակերպությանը հրավիրի խորհրդակցության՝ իրենք կընդունեն հրավերը: Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն մտահոգել է այն հանգամանքը, թե ինչու երեկվա խորհրդակցությանը չի հիշատակվել մեկ կարևոր խնդրի մասին. «Խոսքը կանգառ կատարելիս ուղևորներին նստեցնել-իջեցնելու մասին է: Առյուծի բաժինն ընկնում է այդ խախտումների վրա: Տաքսին վերջապես ո՞ւմ համար է. ուղևորի համար է: Եթե վարորդը ուղևորին չի կարողանալու տեղ հասցնի, քանի որ կտուգանվի, էլ ո՞ւմ է պետք այդ տաքսին»:
Ինչ վերաբերում է վարչական ակտերի մասին հայտարարությանը՝ Էդ. Հովհաննիսյանը նշեց, որ սրա հետ կապված ներկայիս վիճակը խայտառակություն է. «Եթե պետական պաշտոնյա չես, կարող ես մի-երկու օր ուշ բողոքարկել, իսկ շարքային քաղաքացին մեկ ժամ ուշացնելու դեպքում անգամ կորցնում է բողոքարկելու բոլոր հնարավորությունները»:
Վերջում հավելենք, որ որքան էլ հիշյալ խորհրդակցությունը հեռանկարային է, բայց և այնպես նախքան խնդրի վերջնական և շոշափելի լուծումը տեսնելը՝ պետք է պարբերաբար մտաբերել այն փաստը, որ գործող համակարգը թույլ է տալիս ըստ հայեցողության վերաբերվել կարգազանց վարորդներին, և այս հանգամանքը մեծ դժգոհությունների տեղիք է տալիս:
Ավելին, այսօր բոլոր վարորդները, առանց բացառության, իրենց ամսական եկամտի մի ստվար մասը վճարում են տուգանքների համար։ Իսկ այն վարորդները, որոնք համաձայն չեն լինում տուգանքի որոշման հետ և բողոքարկում են, ստիպված են լինում արդարությունը վերականգնելու համար ծախսել տուգանքից եռապատիկ-քառապատիկ ավելի գումար` փաստաբանի, դատական ծախսերի համար։ Տեսնենք՝ ինչ արդյունք կտան հանձնաժողովի ուսումնասիրությունները, և արդյոք թերությունները վերացնելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվե՞ն, թե՞ ոչ:
Տաթև Հարությունյան