Փետրվարի 7-ին ԴԱՀԿ աշխատակիցները փորձել էին արգելանք դնել «Սկիզբ մեդիա կենտրոն» եւ «Առաջին լրատվական» ընկերությունների գույքի վրա: Պատճառն այն էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա որդի Սեդրակ Քոչարյանը հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով հերքել Քոչարյանների «պատիվը եւ արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները եւ վնասի հատուցման համար լրատվական ընկերությունից գանձել 5 մլն դրամ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ, որն ասաց, թե իրենք անգամ դատարանից հայցը չեն ստացել: Ընդամենը Քոչարյանների միջնորդությունն են ստացել, որը դատավորը բավարարել է: Փաստաբանը նշեց, որ միջնորդություն է ներկայացվել, որպեսզի դրամական միջոցների վրա եւս արգելանք դրվի, սակայն այդ պահանջը մերժվել է: Մեր զրուցակիցը հավելեց, որ ԴԱՀԿ-ն չի կարողացել արգելանք դնել «Սկիզբն մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի եւ «Առաջին լրատվական»-ի գույքի վրա, քանի որ ընկերությունները գույք չունեն: Հիշեցնենք, որ Քոչարյանները որոշել են, որ իրենց պատիվն արատավորվել է այն հոդվածի արդյունքում, որտեղ հրապարակված է եղել, որ 2006թ. «Նաիրիտ» գործարանի սեփականաշնորհումը կատարվել է Ռ. Քոչարյանի անմիջական հսկողությամբ, եւ որ նախկին նախագահն անմասն չի մնացել այդ գործընթացից:
ՀԱՅՑԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ