Մենք որեւիցե դրական կամ բացասական կերպով այդ խաղի մեջ մտնելու ցանկություն չենք ունեցել ու չունենք. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ փորձ է արվում ձեւավորել նոր Սահմանադրության նախագծին «ոչ» ասողների ճամբարը, սակայն մինչեւ այսօր հստակ տեղեկություն չկա, թե ովքեր են համալրելու «ոչ»-ի ճակատը եւ ինչպես են իրականացնելու իրենց պայքարը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս լինելու է «ոչ»-ի ճամբարում եւ պայքարելու է նոր Սահմանադրության ընդունման դեմ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որեւէ ճամբարում չեն, ու այն տեղեկությունները, թե իրենք միանալու են «ոչ»-ի ճակատին, իրականության հետ որեւէ կապ չունեն:

-Պարո՛ն Սիմոնյան, նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվող քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք ակտիվ պայքար են մղելու, որին միանալու է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Արդյոք դա այդպես է, եւ եթե այո, Ձեր կուսակցությունը ինչպե՞ս է պատկերացնում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցությունը, քանի որ «ոչ»-ի ճամբարում հիմնականում այդ քաղաքական ուժերն են:

-Իսկ ով է նման բան ասել, մենք նման հայտարարություն չենք արել, դա ծիծաղելի է: Նախ ես չեմ կարծում, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը այդ ճամբարում է, քանի որ ես ինքս ինձ նաեւ քաղաքացիական հասարակության մի մասնիկ եմ համարում ու շատ ընկերներ ունեմ, որոնք քաղաքացիական հասարակության անդամ են, իսկ ես նման տեղեկություններ չունեմ: Մենք ասել ենք հստակեցում, ուղղակի կանգնել ասել «ոչ», «այո», կամ բոյկոտեք. դա ամենահեշտն է, ինչ է «ոչ»-ի ճակատը, ինչ են անելու, դա պետք է հստակ լինի: Մենք վաղուց ասել ենք նաեւ, որ եթե կլինի կոնկրետ առաջարկ, օրինակ` կասեն՝ եկեք 1988 ընտրատարածքից 1000-ը մենք պահենք, 500-ը Դուք պահեք, մնացածն էլ մյուսները թող պահեն, կարող ենք քննարկել, բայց սա մեզ համար կեղծ օրակարգ է, ու չեմ էլ ուզում դրա մասին խոսել:

-«Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք հանրահավքների, հանրության հետ մարզային հանդիպումների միջոցով են «ոչ» քարոզելու: Արդկո՞ք դա բավարար չէ, որ Ձեր կուսակցությունը միանա այդ քարոզին:

-Մենք որեւիցե բան չենք քարոզել, չենք քարոզելու, մենք դա չենք քննարկելու, մեզ, ինչպես գիտեք, Բաղրամյանից զանգ է եղել, բայց մենք որեւիցե դրական կամ բացասական կերպով այդ խաղի մեջ մտնելու ցանկություն չենք ունեցել ու չունենք: Երբ որ «Ոչ»-ի ճակատ է, որեւիցե կուսակցություն է, կամ քաղաքացիական նախաձեռնություն է, կոնկրետ առաջարկ կունենա, կներկայացնի այդ առաջարկը հանրությանը՝ կասի՝ այսպես ենք անում, այսպես է լինելու ու ավարտն էլ այսպիսին կլինի, այդ ժամանակ մենք կքննարկենք, բայց մնացած բոլոր դեպքերում մեր դիրքորոշումը չի փոխվելու:

-Իսկ ո՞րն է այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: «Այո» թե՞ «ոչ» է ասելու կուսակցությունը նոր Սահմանադրությանը:

-Անձամբ Ալեն Սիմոնյանը չի գնալու հանրաքվեին, իսկ ով ինչ ուզում է, թող անի, ես ոչ մեկին չեմ ասում՝ գնացեք կամ մի գնացեք: Կամ գնալու եմ, դեմ քվեարկեմ, կամ չեմ գնալու, կարող է ուղղակի գնամ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է ընտրատեղամասում: Ինձ համար մեկ է, հասկացեք, ես մասնագիտությամբ իրավաբան եմ…ինձ համար նման հարց գոյություն չունի, եթե նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանգնեցնելն է… Սերժ Սարգսյանը կվերարտադրվի, թե՛ հին, թե՛ նոր Սահմանադրությամբ: Էլ չեմ ասում, որ Սերժ Սարգսյանը մենակ չի, էլ չեմ ասում, որ ինձ համար տարբերություն չկա Սերժ Սարգսյանի եւ իր մերձավոր-բարեկամների միջեւ: Ինձ համար մեկ է՝ ինչ ձեւով ինքը կվերարտադրվի, մեկ այլ դեմքով, թե իր անձով, ես անձերի դեմ չեմ պայքարում: Մեր նպատակը ՀՀ-ում գոնե մի անգամ լիարժեք իշխանափոխություն իրականացնելն է, այլ ոչ թե այս մարդը կվերարտադրվի, թե մեկին կնշանակի ու ինքը կապրի նույն ձեւով: Ինձ համար դա էական չէ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սահմանադրության փոփոխությունները համարում է կեղծ օրակարգ, ու դա չի քննարկում:

-Այդ դեպքում ի՞նչ է այժմ անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն է Ձեր այժմյան գործունեությունը:

-«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր գործունեությամբ է զբաղվելու, գրասենյակներ է բացելու, նոր անդամներ է ներգրավելու, մեր հայրենակիցներին ենք հանդիպելու ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս: Ներկայացնելու ենք ծրագրեր ու պատրաստվելու ենք ընտրություններին՝ ՀՀ քաղաքացիներին կոնկրետ բան առաջարկելով: Մենք մեր գործունեությամբ ենք զբաղվելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս