«ՊԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿ Է ԴԱՐՁԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին ավազակային հարձակման ենթարկված Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 20 շենքի տարադրամի փոխանակման կետը մինչ օրս չի գործում:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 24:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք մտել էին տարադրամի փոխանակման կետ եւ կրակելով 36-ամյա Հակոբ Մկրտչյանի վրա` հափշտակել 40 մլն դրամ: Բժիշկները տիտանական աշխատանք էին կատարել Հակոբ Մկրտչյանին մահվան ճիրաններից փրկելու համար: Հունվարի 17-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում տուժածը 3-րդ վիրահատությունն էր տարել, սակայն նրա կյանքն այդպես էլ չէր հաջողվել փրկել: Հունվարի 21-ին 36-ամյա Հակոբ Մկրտչյանն «Էրեբունի» բկ-ում մահացել էր:
«Ժողովուրդ»-ը դեռեւս հունվարի 14-ին այցելել էր Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 20 շենք եւ զրուցել ականատեսների հետ: Նրանց խոսքով՝ հարձակվողներն առանց համարանիշի Վազ 21-21 «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի մեքենայով էին եղել: Կատարվածի հետ կապված նաեւ զրուցել էինք  փոխանակման կետի տարածքի տնօրեն 65-ամյա Սերգեյ Մխիթարյանի հետ: Վերջինս նշել էր, որ փոխանակման կետը փակ է, եւ հստակ չի կարող ասել, թե երբ կբացվի:
Դեպքից շուրջ մեկ ամիս անց «Ժողովուրդ»-ը կրկին այցելեց տարադրամի փոխանակման կետ: Տեղեկացանք, որ նույն տարածքում, բացի տարադրամի փոխանակման կետից, գործում է նաեւ հագուստի քիմմաքրման սրահ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քիմմաքրման սրահի աշխատակցուհի Սաթենիկ Պետրոսյանը նշեց, որ դեպքից հետո բավական վախեցած էր եւ առաջին օրերին վախով է եկել աշխատանքի. «Հակոբի հետ 7 տարի աշխատել ենք նույն տարածքում: Հակոբը երբեք չի վախեցել եւ չէր էլ կարող պատկերացնել, որ հարձակում կլինի»:
Նշենք, որ Հակոբի ավագ եղբայրը` Ռոբերտ Մկրտչյանը, «Հայբիզնեսբանկ»-ի տնօրենն է, իսկ տարադրամի փոխանակման կետը, որտեղ աշխատում էր Հակոբը, պատկանում է նրա միջնեկ եղբորը` Անդրանիկ Մկրտչյանին: Ըստ տիկին Սաթենիկի՝ մինչ օրս Հակոբի եղբայրները չեն հաշտվում կատարվածի հետ: «Տարադրամի փոխանակման կետը դեռ չեն բացել, եւ չգիտեմ էլ` կբացվի, թե ոչ: Երբ եղբայրները գալիս են այստեղ, անգամ չեն էլ ցանկանում բացել սենյակի դուռը: Շատ ցավալի դեպք է, շատ ցավալի»,-հուզմունքը զսպելով ասաց նա:
Զրույցի ընթացքում տիկին Սաթենիկը նշեց, որ երեկոյան այցելելու է Հակոբի կնոջը: «Չգիտեմ էլ՝ ինչ եմ ասելու եւ ինչ եմ խոսելու: Հակոբը մի հրաշք տղա ունի, որը շատ նման է իրեն ու շատ է սիրում հարցեր տալ: Հակոբի 7 տարեկան տղային ասել են, թե պապան հրեշտակ է դարձել: Շատ ահավոր է: Հակոբի կորուստը շատ ցավ պատճառեց բոլորիս: Նույնիսկ նրա կինը ինձ հիվանդանոցում ասաց, որ ինքը չի կարող ապրել առանց Հակոբի եւ ոնց պետք է շարունակի ապրել առանց նրա: Ինչ ասեմ, հանուն երեխայի պետք է դիմանա»,-արցունքակալած աչքերով պատմեց  տիկին Սաթենիկը:
Նկատեցինք, որ տարադրամի փոխանակման կետն ունի նաեւ տեսախցիկներ, սակայն երբ տիկին Սաթենիկից հետաքրքրվեցինք՝ դեպքի օրն արդյոք տեսախցիկները չեն նկարել կատարվածը, նա ասաց. «Ցավոք, Հակոբն անջատել է տեսախցիկները, երբ հանցագործները ներս են մտել: Երեւում է՝ նրանք լավ էլ տեղյակ են եղել՝ ինչն ինչոց է»:
Նշենք, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), նույն մասի 4-րդ կետի (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս