«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԵՆ ՏԱԼԻՍ» ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՄԲ
Այս օրերին Վանաձորում` ընտանիքներում եւ ընկերական շրջանակներում, նույնիսկ հեռախոսազրույցներում արծարծվող հիմնական թեման բաժանվող ընտրակաշառքի չափն է: Ընտրակաշառք ասվածը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներում մեկնաբանում են որպես ակտիվիստների աշխատավարձ: Վանաձորում 2 կանգառը մեկ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ է գործում, որոնցից յուրաքանչյուրում կա 12 աշխատող: Սա առաջին հայացքից, իսկ իրականում բազմահարկ բնակելի շենքում առնվազն 8 ակտիվիստ է աշխատում` 1 ղեկավարով, իսկ յուրաքանչյուր ակտիվիստ իր ցուցակում X թվով ակտիվիստներ ունի: Այս թիվը տատանվում է 3-6-ի սահմանում, ինչն էլ իրականում բնակչության բողոքի ու խռովության պատճառ է դարձել:
«Երբ նոր-նոր էին հավաքում անձնագրային տվյալները, խոսակցությունները 10 հազար դրամի չափով էին, հետո դարձավ 7500, իսկ հիմա 5000 դրամ է,-մեր այցելության պահին բարձր ձայնով իր բարեկամին էր բողոքում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում կանգնած կինը, ապա շարունակում,-այսքան շենքերի մեջ միայն մեր շենքն է, որ մի քանի անգամ եկան, ստուգեցին, կասկածները փարատեցին, նախ մեր 4 անձից երեքին գրեցին, հետո էլ 2-ին ու յուրաքանչյուրին 5 հազար դրամ չափաբաժնով»,-դժգոհում էր Խնձորուտ թաղամասի մոտ 60 տարեկան բնակչուհին, որը չցանկացավ ներկայանալ` պատճառաբանելով թե դրանից էլ կզրկեն կամ դա առիթ կդառնա, որ գործընթացը խափանվի: «Գոնե մնացածներն օգտվեն, բայց կարգն էդպես չէ` տալիս են, թող հավասար տան»,-հավելեց կինը, որին ճանաչողներն ասացին, թե Երեւանյան խճուղի 121 շենքի բնակիչ է:
Նույն թաղամասի մեկ այլ շենքի ակտիվիստ տիկին Ռիման հպարտորեն ասում էր. «Իմ բոլոր հարեւաններին ընդգրկել եմ ցուցակում, անկախ նրանից` ընտանիքը 3 անդամ ունի, 4, 5 թե 6, 30 հազար դրամ պետք է ստանա»:
Քիչ չափաբաժնով «ակտիվիստի աշխատավարձ» ստացողների ղեկավարներից մեկն էլ արդարանալու համար նշում էր. «Ես մեղավո՞ր եմ, որ մեր շենքում շատ բնակիչ կա, սա մի X գումար է, որը բաժանվում է բնակիչների թվի վրա, դեռ մի բան էլ շնորհակալ են լինելու»: «Ես ինքս աշխատավարձ չեմ ստանալու, խաթրի համար եմ անում»,-վստահեցնում էր նույն շտաբում աշխատող մեկ այլ ակտիվիստ: Շտաբում հավաքված ակտիվիստների խոսքով՝ քիչ գումար են ստանում նաեւ ուշ կողմնորոշվածները:
Մեզ բողոքողները 141 եւ 121 շենքերի բնակիչներն էին: Նշենք, որ այդ շտաբը ղեկավարում է Վանաձորի ավագանու անդամ Արմեն Մատինյանը: Ըստ հավաստի աղբյուրների՝ «ակտիվիստների աշխատավարձի» բաշխման կոորդինացման գործընթացը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանն է իրականացնում:
Մեր զրույցների արդյունքում պարզեցինք, որ նմանատիպ բողոքներ կան Վանաձորի տարբեր թաղամասերում, սակայն ոչ մի թաղամասում ընտրակաշառքի նվազագույն շեմը չի անցնում 7500-ի սահմանը:
Վանաձորի մեկ այլ ծայրամասում էլ` Տարոն եւ Տավրոս թաղամասերում, թեեւ 10 հազար դրամ ընտրակաշառք կամ «ակտիվիստի աշխատավարձ» են տալիս, սակայն բնակիչները բողոքում են ցուցակներում չընդգրկվելուց:
«Փոքր թաղամաս է, առանց հարցնելու էլ գիտեմ՝ ով ում կողմնակիցն է, որպես ի՞նչ գումար տամ, իսկ ոչ մշտական բնակվողներին չենք կարող վստահել, չնայած որպես հանձնաժողովի անդամ՝ գիտեմ, որ քաղաքի այլ տարածքում բնակվողներն ավելի պատասխանատու ընտրող են»,-ասաց Սերժ Սարգսյանի շտաբի ակտիվիստ Ալինան:
Հետաքրքիրն այն է, որ անձնագրային տվյալները հավաքագրում եւ հիմիկվանից ընտրակաշառքը կամ «աշխատավարձը» բաժանում են առանց թաքցնելու, իսկ ակտիվիստները նույնիսկ թաղամասում գումար բաժանելու օրն ու ժամն են նշում եւ անվրդով ավելացնում. «Արի՛ քեզ հետաքրքրող հարցերը մեր շտաբի ղեկավարին տուր, բայց ես կասեմ, որ ոչ մի խտրականություն չկա»:
Վանաձոր