Ի՞ՆՉ ԵՆ ՃՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրություններին մնացել են հաշվված օրեր, վերջանում է նաեւ նախագահի թեկնածուներին քարոզչության համար տրված ժամանակը: Մինչդեռ հիշեցնենք, որ թեկնածուները հարկ համարեցին Գյումրի այցելել ընդամենը մի քանի օր առաջ: Փետրվարի 9-ին Սերժ Սարգսյանի այցին հետեւեցին Րաֆֆի Հովհաննիսյանի,  Հրանտ Բագրատյանի, ապա  նաեւ` Պարույր Հայրիկյանի հանդիպումները գյումրեցիների հետ: ՀՀԿ կառույցի Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սահակ Մինասյանը քարոզչության այս ընթացքը Գյումրիում ու մարզում գնահատեց նորմալ, առանց միջադեպերի եւ անցանկալի երեւույթների: Թե ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ոչ իշխանական թեկնածուները Գյումրի այցելեցին Սերժ Սարգսյանի այցից հետո միայն, Ս. Մինասյանը նշեց. «Ես կարծում եմ, որ դա եւս մարտավարություն էր: Բոլոր թեկնածուներն աշխատեցին գալ մեր թեկնածուից հետո»:
Քաղաքում շրջանառվող այն լուրերը, որ այս ընթացքում որոշ մանկավարժներ գյումրեցիների բնակարաններ են այցելել ու ցուցակագրումներ կատարել,  Ս. Մինասյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ընդհանուր առմամբ մի խնդիր եղավ: Դա տարբեր բնակավայրերից փլված շենքերի բնակիչների գրանցման խնդիրն էր, ովքեր չեն վերագրանցվել նոր հասցեով: Մարդիկ գնում են, ճշտում՝ տեղամասերում իրենց անունը կա-չկա եւ այլն: Մյուս մարզերի համեմատությամբ, ըստ ընտրացուցակների, հնարավոր թերացումները մեզ մոտ մի քիչ ուրիշ երանգ ունեն, որովհետեւ մարդն ապրում է ուրիշ թաղամասում, ուրիշ բնակավայրում, բայց հաշվառված է ուրիշ հասցեում: Այ էս շարժը կարող է լինի, բայց ընդհանրապես շրջել, գրանցել, ցուցակներ…»:
Որ նախագահի թենածու Ս. Սարգսյանի` Թատերական հրապարակում ընտրողների հետ հանդիպմանը   եղել են նաեւ բազմաթիվ ուսանողներ եւ աշակերտներ, փաստում են մեր ունեցած բազմաթիվ լուսանկարները, մինչդեռ Ս. Մինասյանն այդ տեղեկությունը որակեց իրականությանը չհամապատասխանող: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք չկար մտավախություն, որ նման պարագայում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից նկատողություններ կտրվեն մարզի կրթական հաստատություններին, Մինասյանն ասաց. «Հանդիպումը 16:00-ին է եղել, ոչ մի ուսումնական պարապմունք քաղաքում այդ ժամին չի եղել, խոսքը բուհերի, դպրոցների, կրթական հաստատությունների մասին է: Աշակերտներին ասվել է, կտրականապես արգելվել է: Կարող եք կադրերով նայել, ոչ մի աշակերտ չի եղել: Կարող է պատահի՝ տեսել եք, հնարավոր է՝ դա ուսանող է: Ասեմ՝ դրա կարիքը չկար, որ այնտեղ լիներ, ու նկատողություն էլ լիներ»:
Իսկ հարցին, թե ինչպես կարող է գյումրեցի ընտրողը, որն ապրում է Հայաստանի ամենաաղքատ մարզում, իր ձայնը տալ գործող իշխանություններին, Ս. Մինասյանը պատասխանեց. «Էս բոլորը հիշատակելուց զատ, ես կուզենայի, որ անընդհատ հիշատակվեր, թե ինչպիսի ներդրումներ են եղել Գյումրիում անցած 5 տարիների ընթացքում. բնակարանաշինություն, ճանապարհաշինություն: Այսօր Շիրակի մարզում ունենք այնպիսի դպրոցներ, կրթական հաստատություններ, որ ունի ցանկացած զարգացած եվրոպական երկիր»:  

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս