ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ «ԱՎԱՆՏՅՈՒՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներն իրենց ներկայացրած նախընտրական ծրագրերում բավական մեծ տեղ են հատկացրել ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրներին: Դրանց շարքում հատկապես կարեւորվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորման ուղղությամբ նրանց տեսակետները նույնական չեն: Ստորեւ փորձենք հասկանալ, թե հիմնական թեկնածուներ համարվող Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես են պատկերացնում ՀՀ արտաքին քաղաքական կենսական հարցերից մեկի՝ ԼՂ խնդրի լուծումը:
Հայաստանի արտաքին քաղաքական ամենալուրջ խնդիրն անկախությունից ի վեր համարվում է ԼՂ հակամարտությունը, որի լուծման ուղղությամբ գրեթե 20 տարի շարունակվող բանակցությունները ցայսօր որեւէ էական առաջընթաց չեն արձանագրել: Այս խնդրի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուներն ունեն հստակ դիրքորոշում, որոնք միմյանցից զգալիորեն տարբերվում են: Թեկնածուներից Սերժ Սարգսյանը, արդեն իսկ պաշտոնավարելով 5 տարի, գործնականում ցույց է  տվել, որ ստատուս-քվոյի ջատագով է: Իր նախընտրական ծրագրում նա նկատում է, որ թեեւ կողմ է ԼՂ հարցը բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելուն, այդուհանդերձ, խոստանում է երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած ոտնձգության դեպքում վճռական պատասխան տալ հակառակորդին: Սարգսյանը նախընտրական ծրագրում բավական երկար խոսում է ադրբեջանական իշխանությունների «առավելապաշտական նկրտումներից», «երկերեսանի կեցվածքից» եւ այլն: Նա Արցախը համարում է «եվրոպական ընտանիքի մաս» եւ խոստանում լրացուցիչ ջանքեր գործադրել՝ սերտացնելու ԼՂ ժողովրդի ու միջազգային հանրության շփումները: Այդուհանդերձ, գործող նախագահը լուծման տարբերակ՝ որպես այդպիսին, առաջ չի քաշում եւ շարունակում է կառչած մնալ 1998թ.-ից գործարկվող ստատուս-քվոյի անվերապահ պաշտպանությանը:
ԼՂ կնճռի վերաբերյալ Հրանտ Բագրատյանի քաղաքական ծրագրերն ու խոհերը գործող նախագահի բանաձեւից շատ չեն տարբերվում: Այդուամենայնիվ, որոշ տարբերություններ կան: Հ. Բագրատյանը, իր նախընտրական ծրագրի «ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծեր» բաժնում խոսելով ԼՂ հարցի մասին, պնդում է, որ ԼՂ-ն պետք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Վերջինի հաջող իրականացման արդյունքում հնարավոր կլինի «այս փուլում մշակել ԼՂ հարցի լուծման իրական փոխզիջումային տարբերակ»: Թեկնածուն, սակայն, չի մանրամասնում, թե ինչպիսի տարբերակի մասին է խոսքը: Փոխարենը նկատում է միայն, որ դա «հնարավոր կլինի  բանակցությունների նժարը բացառապես ԼՂ եւ Ադրբեջանի միջեւ տեղափոխելու դեպքում»: Հ. Բագրատյանը, ի տարբերություն Ս. Սարգսյանի, դեմ չէ ԼՂ անկախության ճանաչմանը, բայց դա հնարավոր է համարում «միայն ԼՂ իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում»:
Ի տարբերություն գործող նախագահի եւ նախկին վարչապետի՝ ԼՂ հարցի կարգավորման սեփական տարբերակն է առաջ քաշում նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նախընտրական ծրագրում հստակեցնում է, որ իր հետապնդած նպատակների շարքում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Դրա հետ մեկտեղ «Ժառանգության» առաջնորդն առաջարկում է «Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչում կամ նրա միացում Հայաստանի Հանրապետությանը»: Ր. Հովհաննիսյանը, սակայն, չի առաջարկում դադարեցնել բանակցություններն Ադրբեջանի հետ եւ պնդում է ԼՂՀ իշխանությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը: Նախագահի թեկնածուն Հայաստանին վերապահում է խնդրում շահագրգիռ կողմի կարգավիճակ, որի հիմնական նպատակն է լինելու հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելը, Արցախի բնակչության անվտանգությունն ու ժողովրդավարության զարգացումն ապահովելը: Նա պահանջում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավական ամրագրում, որը կապահովի Արցախի հարցի այնպիսի լուծում, երբ կսահմանվի հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի հետ, չի խախտվի ՀՀ ինքնիշխանությունը, իսկ ԼՂՀ-ն ազատ կլինի իր ներքին ու արտաքին քաղաքականության իրականացման հարցում:
Ամփոփելով ԼՂ հարցում ՀՀ նախագահի երեք թեկնածուների տեսակետները` նկատենք. Ր. Հովհաննիսյանն ու Հ. Բագրատյանը կարեւորում են ԼՂ վերադարձը բանակցությունների գործընթացին: Ս. Սարգսյանը եւս խոստանում է Արցախն «օր առաջ վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ», թեպետ իր նախագահության օրոք Ադրբեջանի հետ քանիցս ստորագրել է համաձայնագրեր՝ առանց արցախյան կողմի մասնակցության: Վերջինս դեմ է նաեւ ԼՂ-ի ճանաչմանը եւ, ինչպես վերջերս հայտարարեց, իր համար դա «ավանտյուրա» է: Եթե Բագրատյանը չի բացառում ԼՂՀ անկախության ճանաչումը, ապա Հովհաննիսյանը, կարելի է ասել, այդ գաղափարի դրոշակակիրն է: Այսպիսով՝ ներկայացրինք հիմնական թեկնածուների տեսլականները ԼՂ հարցի շուրջ, եւ, ըստ էության, քաղաքացուն մնում է կողմնորոշվել ու քվեարկել՝ ըստ իր նախապատվության:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս