«ԴՈՒՔ ՉԵՔ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լենա Մխիթարյանը բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ բողոքելով իր թոռան հանդեպ կատարված անարդարությունից:
«Հարգարժա՛ն նախագահ, ոստիկանապետ, ՀՀ գլխավոր դատախազ, դիտելով հեռուստացույց` չեմ կարող չգրել եւ հայտարարել իմ սեփական կարծիքը: Հայաստանում չկա արդարադատություն, չկա նախաքննական մարմին, չկա դատախազություն ՀՀ քաղաքացու համար, այդ բոլոր ատյանները գործում են մեկը մյուսին ծածկելու, մեկը մյուսի կեղծ գործողությունները թաքցնելու համար:
Ես` Լենա Մխիթարյանս, լինելով 50 տարվա մանկավարժ, բազմազավակ մայր եւ տատիկ՝ խոր ծերության հասակում՝ 84 տարեկանում, հայտնվեցի ՀՀ քննչական, ՀՔԾ, ՀՀ արդարադատության եւ դատական համակարգում: 13.01.2012 թվականին թոռս Գյումրու առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց ազատազրկման: Դատավճռի հիմքում դրվեց կեղծ արձանագրությունը, որը կազմել էր Գյումրու ՈԳ-ի մայոր Տ. Միլիտոնյանը, չնայած որ ողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում մենք բողոքել էինք, որ ես եմ Սերգեյ Մխիթարյանի տատը՝ Լենա Մխիթարյանը, ով եղել է Գյումրու Ղանդիլյան փողոցի 25/ա շենքի բնակարան 2 նախկին սեփականատերը, եւ այդ բնակարանը վաճառել ու այդտեղից տեղափոխվել եմ 1.06.2009թ., ուստի  02.11.2009թ. ՈԳ Միլիտոնյանի կազմած արձանագրությանը ես չէի կարող մասնակցել, քանի որ ես այդ հասցեում չէի ապրում 6 ամսից ավելի, եւ ես Սեդա Մխիթարյան չեմ, այլ Լենա Մխիթարյան եմ: Հետեւաբար չեմ էլ կարող ստորագրել Սեդա Մխիթարյան: Այսքան տվյալներ հաշվի չառավ ո՛չ քննիչը, ով պարծենում էր, որ ինքը նախկին վարչապետ Ա. Դարբինյանի հորեղբոր տղան է, եւ իր գործերը մնայուն են` անկախ կատարված կեղծիքներից, եւ ո՛չ այդ կեղծ արձանագրությունը դատավճռի հիմքում դրած Գյումրու առաջին ատյանի դատավոր Մովսիսյանը: Հետո էլ  վերաքննիչ դատարանում մերժվեց բողոքը: Մի շարք բողոքներից հետո նույն գործը քննեց ՀՔԾ-ն, եւ տվեց որոշում, որ արձանագրությունը կազմվել է անփութորեն, իրականությանը չի համապատասխանում եւ չի կարող մեղադրանքի հիմք լինել: Բայց ո՛չ գործի քննիչը, ո՛չ դատախազը, ո՛չ արձանագրությունը կազմողը, ո՛չ դատավորները չենթարկվեցին պատասխանատվության:
Հարգարժա՛ն նախագահ, այդտեղից էլ կարելի է ասել, որ Ձեր խոսքը չի վերաբերում բոլոր ատյաններին, եւ հեռուստատեսությամբ Ձեր ելույթներն ուղղակի նախընտրական շոուներից մեկն են: Ո՞ւր է Ձեր ասած խոսքերի գործը, որ «ոչ ոք անպատիժ չի մնա` անկախ պաշտոնից եւ դիրքից»: Այսօր անպատիժ են ամբողջ նախաքննական մարմինները, ամբողջ դատական համակարգը, պատժվում են միայն անմեղ «մեղավորներ», ովքեր չունեն պատգամավոր բարեկամներ, մեծ-մեծ գումարներ:
Այս անօրեն Հայաստանում հաստատ ես միակը չեմ, իմ եւ իմ թոռան նման հարյուր հազարավոր մարդիկ կան, եւ դա է պատճառը, որ մարդ կորցնում է իր վստահությունը եւ հարգանքը երկրի եւ վարչական ապարատի նկատմամբ: Դա գալիս է նրանից, որ Դուք չեք հետաքրքրվում Ձեր ժողովրդի վիճակով:
Այսօր եթե իմ թոռան փոխարեն լիներ Աղվան Հովսեփյանի թոռը, ոչ ոք կեղծ արձանագրություն չէր կազմի նրա նկատմամբ, ոչ ոք անմեղ տեղը չէր դատապարտի նրան, եւ, վերջապես, եթե ինչ-որ մեկն էլ համարձակվեր, ապա հետո չէր աշխատի քննիչ, դատավոր, դատախազ: Այսքանից հետո արի՛ ու հավատա «Ապահով Հայաստան» կառուցելու մասին երկրի նախագահի տված խոստումներին»:

Հարգանքներով՝ ԼԵՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս