Ո՞Վ ԿՎՃԱՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՓՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ի առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի դպրոցում կոտրվել է դպրոցի հավաքարար Վալյա Դոդոռյանի ձախ ազդոսկրը: 60-ամա կինը «Ժողովուրդ»-ի թղթակցին ասաց, որ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն իրեն հանձնարարել է մաքրել առաջին հարկի պատուհանները: Կինը վայր է ընկել բարձրությունից եւ վնասվել: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Այնտեղ պարզել են, որ հարկավոր է տիկնոջ ոտքը վիրահատել եւ ոտքի մեջ «սպիրալներ» դնել: «Հարություն Ալավերդյանը խոստացել է օգնել, Ոսկեպարի գյուղապետարանն ու Տավուշի մարզպետարանն էլ երեւի կօգնեն»,-փետրվարի 6-ին մեզ ասաց միայնակ ապրող, ամսական 35.000 դրամ աշխատավարձով գոյատեւող  տիկին Վալյան:
Կնոջ խոսքով՝ վիրահատությունը պետք է արվեր փետրվարի 9-ին, բայց մինչեւ հիմա չի արվել, տիկին Վալյան ցավերին դիմանում է ցավազրկող դեղերի շնորհիվ: Փետրվարի 9-ին Վալյային Նոյեմբերյանի հիվանդանոցից ուղարկել են Երեւան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա աղջիկը՝ Գոհարը, ասաց, որ փետրվարի 14-ին կամ 15-ին իր մորը  կվիրահատեն, եւ նախնական շրջանում հարկավոր կլինի 150.000 դրամ, իսկ վիրահատությունից հետո այդ հիվանդանոցում տիկին Վալյան կբուժվի մոտ 20 օր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ում մտադիր չեն փողի բացակայության պատճառով վիրահատությունը հետաձգել, սակայն Գոհարի խոսքով՝ հետո իրենք պետք է վճարեն այդ գումարը: Գոհարն ասաց, որ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն ասել է, որ ինքը պարտավոր չէ օգնել. «Դպրոցի տնօրենը մորս անվտանգությունը չի ապահովել, նրան բարձրացրել է հին սանդուղքի վրա, որպեսզի պատուհանները մաքրի»:
Գոհարը հայտնեց, որ Ոսկեպարի գյուղապետարանի քարտուղար Միշա Ստեփանյանն իր անձնական միջոցներից 30.000 դրամ է հատկացրել: Նա նաեւ ասել է, որ գյուղապետարանից անհրաժեշտ տեղեկանքը դպրոցի տնօրեն Հ. Ալավերդյանը պետք է ներկայացնի Տավուշի մարզպետարան, որպեսզի Վալյայի առողջության վերականգնման համար մարզպետարանը դրամական աջակցություն ցուցաբերի: Ըստ Գոհարի՝ դա կարվի ավելի ուշ, իսկ թե մարզպետարանը որքանով կօգնի, հայտնի չէ: Նա ասաց, որ ինքը Երեւանի խանութներից մեկում վաճառող էր աշխատում, սակայն մոր հետ պատահածի պատճառով կորցրել է աշխատատեղը: Փաստորեն, Վ. Դոդոռյանն իր աշխատանքի ժամին աշխատանքային պարտականությունները կատարելիս վնասվածք է ստացել, սակայն նրա հիմնարկը եւ  տնօրենը որեւէ կերպ չեն օգնում:  ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»: Սակայն, ինչպես տեսնում ենք հենց այս օրինակով, Հայաստանի բնակիչները նման ծայրահեղ վիճակներում հայտնվելու դեպքում պետությունից բավարար աջակցություն չեն ստանում եւ միայնակ են մնում իրենց  ցավի հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս