Կկարողանա՞ Արփինե Հովհաննիսյանը սանձել «զոն նայողներին». հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու պահից սկսած՝ հանրությունը քննարկման նոր թեմա ունի: Նոր նշանակումը ինչպես դրական, այնպես էլ բացասական գնահատականների արժանացավ:

Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննես Մանուկյանի՝ նշված պաշտոնից ազատվելուց հետո նրան փոխարինող թեկնածուների մեջ շոշափվում էր մասնավորապես Արփինե Հովհաննիսյանի անունը: Այնպես որ, տեղի ունեցածը միանշանակ սպասելի էր: Այս իրադարձությանն անդրադարձավ անգամ միջազգային մամուլը, որտեղ հիշատակվեց Հովհաննիսյանի՝ արդարադատության առաջին կին նախարար և չամուսնացած լինելու հանգամանքը:

Իսկ ով է արդարադատության նորանշանակ նախարարը

Արփինե Հովհաննիսյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երևանում:

2004թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի /ԵՊՀ/  իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան է: 2009թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ,  2006-2007թթ.` առաջատար մասնագետ:

2007թ.-ից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 2008թ.-ի մայիսի 5-ից սեպտեմբերի 30-ը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական:  2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

2012թ.-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած չէ:

Նոր նշանակումից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչպես է երիտասարդ հայուհին պատրաստվում սանձել, այսպես կոչված, «զոն նայողներին», և կարգավորել կալանավայրերում առկա խնդիրները, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չլուծվեցին՝ ցմահ դատապարտյալների հարցը, վաղաժամկետ պայմանական ազատումը, սննդակարգը և բազում այլ չլուծված խնդիրներ: Նման հարցեր առաջանում են հիմնականում այն պատճառով, որ մինչ այժմ պաշտոնավարած բոլոր տղամարդիկ խնդիրները չլուծած իրենց տեղը զիջում էին հաջորդին:

Այսպիսով, մնում է սպասել՝ որքանով կարդարացվեն արդարադատության նոր նախարարի հետ կապված հույսերը: Իսկ իրեն՝ Արփինե Հովհաննիսյանին, մաղթում ենք անխափան և անփորձանք գործունեություն:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս