ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս 2-րդ կարգի հաշմանդամ է: Նշեմ, որ նա դժվարությամբ է ինքնուրույն տեղաշարժվում: Նա՝ որպես դիմորդ, կարո՞ղ է կրթական ոլորտի որեւէ արտոնությունից օգտվել, եւ եթե այո՛, ապա ի՞նչ կարգով:

Լենա Սահակյան (39 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի՝ հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում:
ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից: Քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջն.-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ: Պետական բարձրագույն կամ միջն.-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետբյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ՝ անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այդպիսով` հաշմանդամների համար, ըստ էության, ե՛ւ արտոնյալ պայմաններ են գործում, ե՛ւ չի խախտվում նրանց` հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունքը:




Լրահոս