ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պահքի մեջ էի, բայց ինչ-ինչ պատճառներով խախտեցի այն: Ուզում եմ իմանալ՝ պահքը խախտելու դեպքում արդյոք կարելի է այն շարունակել: Այսինքն՝ ընդունելի կլինի՞ այդ պահքն Աստծո առաջ:

Արփինե Բադալյան (24 տարեկան, ուսանողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե Դուք պահքը համարում եք բարի գործ եւ այն անում եք Աստծո համար, որ երկնքում վարձատրվեք դրա համար, ապա պահեցողության նկատմամբ այդպիսի վերաբերմունքը արդեն սխալ է: Պահքով չենք արդարանում, այլ զղջմամբ, աղոթքով եւ ապաշխարությամբ: Պահքն Աստծուն չէ պետք, այլ մեզ. պահքը օգնում է մեզ պայքարել մեղքի դեմ՝ տկարացնելով մարմինը եւ ամրացնելով հոգին: Պահքի իմաստը ապաշխարության եւ ուղղվելու մեջ է, իսկ ժուժկալությունը (զսպվածությունը) ընդամենը օգնող միջոց է:
Ընդհանրապես, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ունենա իր խոստովանահայրը, որը հոգեւորական է՝ քահանա, եւ կարող է խորհուրդներ տալ անձնական հարցերի վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդ կարող է պահքը խախտելու տարբեր պատճառներ ունենալ, եւ հենց հոգեւորականն է, որ կարող է նրան ճիշտ խորհուրդ տալ: Այնուամենայնիվ, եթե գտնում եք, որ այդ խախտումը արդարացված է եւ պատրաստ եք շարունակել պահքը, մի՛ վարանեք:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աստված մարդու հայեցողությանն է թողնում պահքի շարունակությունը տնօրինելու որոշումը: Ամեն դեպքում, եթե մարդը որոշել է հետեւել եկեղեցու կարգ ու վարքին, ուրեմն պետք է պահքը սկսելուց հետո ընդհատելու մասին չմտածի:




Լրահոս