«Հակառակորդին ապացուցելու բան չունենք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ գործողությունների փուլն ավարտվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին նախատեսված է ամփոփել զորավարժությունների արդյունքներն ու հաշվետվությունը ներկայացնել Սերժ Սարգսյանին: Իսկ արդեն ամսի 17-ին Սերժ Սարգսյանի մոտ տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ կներկայացվի զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր եզրակացությունը:

«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե, ի վերջո, ինչ տվեց «Շանթ 2015»-ը, արդյոք այն նպատակները, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, լավագույնս իրականացվեցին:

ՀՀ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ տվեցին «Շանթ 2015» ռազմական զորավարժությունները Հայաստանին, արդյո՞ք այն խնդիրները, որոնք դրված էին Հայաստանի պաշտպանության համակարգի առջեւ, կատարվեցին:

-Զորավարժությունները դեռեւս չենք ավարտել, ինչի պատճառով էլ չենք կարող արդյունքների վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ տրամադրել: Գործողությունների փուլն է ավարտվել, դեռեւս մենք զորավարժությունները չենք ավարտել, եզրակացություն չունենք: Երբ ամբողջովին ամփոփենք, այդ ժամանակ էլ կխոսենք, մեր տեսակետը կներկայացնենք:

-Բայց զորավարժությունների ընթացքից գո՞հ եք, արդյո՞ք դեռեւս մեկ տարի առաջ նախապատրաստվելիս հենց նման կերպ էիք պատկերացնում զորավարժությունները:

-Զորավարժությոնները նորմալ էին, սա մեր առաջին զորավարժություններն էին, որոնք ունեին նման ձեւ, սա տարբերվող էր բոլորից: Զորավարժություններն իրականացվել են այնպես, ինչպես ծրագրված էր:

-Զորավարժություններին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանը շատ լարված էր, հակառակորդը կրակում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա, արդո՞ք Հայաստանը կարողացավ «լռեցնել» Ադրբեջանին այս զորավարժությունների շնորհիվ: Ըստ Ձեզ՝ հայկական կողմը կարողացա՞վ հակառակորդին ցույց տալ, որ հարձակվելու դեպքում ինքն է տուժելու:

-Մենք հակառակորդին որեւէ բան չունենք ապացուցելու կամ ներկայացնելու, դա մենք արել ենք Հայաստանի անվտանգության համար: Մենք այդ զորավարժություններն արել ենք նրա համար, որ եթե պատերազմ լինի, իմանանք՝ մեր պետությունն ինչ է անելու: Դա արվել է միայն մեր անվտանգությունը պաշտպանելու համար, մենք երբեք որեւէ բան չենք անում՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ներկայացնելու, ապացուցելու համար:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ

Պարո՛ն Շիրխանյան, որպես նախկին ՊՆ փոխնախարար, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում անցկացված «Շանթ 2015» զորավարժությունները:

-Ես կարծում եմ, որ նորմալ զորավարժություններ էին, բայց կարծում եմ, որ ավելի մանրամասն այդ ամենի մասին կարող են խոսել զորավարժություն իրականացնող մարմինները: Նրանք պետք է ասեն, թե ինչ խնդիրներ էին իրենց առջեւ դրել ու թե դրանք որքանով են կատարել: Իսկ իմ կարծիքով իսկապես այդ զորավարժություններն անհրաժեշտ էին Հայաստանին՝ պարզելու համար, թե որքանով էին մերոնք պատրաստ, որքանով է մեր անվտանգությունը պաշտպանված, այդ առումով ես կարծում եմ, որ դրանք մեզ համար կարեւոր էին:

Սպառնալիքի, վտանգի դեպքում հասկանալի դարձավ, թե մեր պաշտպանության բանակը, մեր պետությունն ինչի է ընդունակ, դա շատ կարեւոր հանգամանք է, երբ պետության համար հասկանալի է դառնում, այն, ինչ ինքն ունի, այն, ինչ ինքը կարող է անել նման գործողությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ խնդիրն այդ առումով կատարվել է:

-Արդյո՞ք հակառակորդը «լռեց» այդ զորավարժություններից հետո, դա որքանո՞վ զսպիչ դեր խաղաց:

-Իրենք էլ այս ժամանակահատվածում էին ցույց տալիս, որ իրենց միլիարդները, որոնք գնացել են սպառազինության համար, իզուր չեն, իրենք այդ ամենով բարձր են ՀՀ-ից, իրենք դա մշտապես են ցանկացել ապացուցել: Բայց ես վստահ եմ, որ հասարակությունը համոզված է հակառակում:

Ես վստահ եմ նաեւ, որ Ադրբեջանի զինվորականությունը դրանում որեւէ կասկած չունի: Ես կարծում եմ, որ իրենք շատ լավ գիտակցում են` մենք ցանկացած դեպքում հաղթանակելու ենք, եթե իրենք համարձակվեն հարձակում գործել Հայաստանի վրա: Ես դրանում ուղղակի համոզված եմ: Հակառակորդը միշտ էլ նման կրակոցներ հնչեցրել է ու մշտապես էլ համապատասխան ձեւով ստացել է իրեն արժանի պատասխան, դա շատ լավ գիտեն Ադրբեջանի զինված ուժերը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս