ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորն ինքնաբացա՞րկ կհայտարարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանն ասաց, թե տեղյակ չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի բարեկամն է:

Նշենք, որ 2013 հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի արդյունքում սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ասել էր, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (արդար դատաքննության իրավունք) եւ 2-րդ (անմեղության կանխավարկածի իրավունք), կետերի, 2-րդ (պետությունը սպանության հետ կապված գործի քննությունը պատշաճ չի իրականացրել) եւ 10-րդ (պետությունը չի տրամադրում տեղեկություններ, որի ստանալու իրավունքն իրենք ունեն) հոդվածների խախտումները. «Կոնվենցիայի 10-րդ կետի խախտում ենք արձանագրել, քանի որ գրավոր դիմել էի նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարություն, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այն տեղեկատվությունը, թե արդյո՞ք նախագահը, նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին, ինչի մասին տեղեկատվություն հայտնվել էր մամուլում: Նրանք հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել»:

Տպավորությունն անպիսին էր, որ ՄԻԵԴ դիմելով՝ Բուդաղյանները կկարողանան հասնել արդարության, սակայն այստեղ էլ որոշ խնդիրներ կան: Բանն այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է։ Այս տեղեկությունը հաստատել էր նաեւ մարզպետը. «Նա իմ
«դվայուրըդնի» քրոջ տղան է»:

Արդյո՞ք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թույլ կտա, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը մասնակցի իր բարեկամի գործի քննությանը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալ Արման Թաթոյանի հետ:

-Պարո՛ն Թաթոյան, ինչպես արդեն գիտեք՝ 2013թ հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործով սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Սակայն նկատենք, որ Սյունիքի մարզպետը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի բարեկամն է: Ըստ Ձեզ՝ Արմեն Հարությունյանը իրավունք ունի՞ մասնակցել այս դիմումի քննությանը:

-Ճիշտ ասած, առաջին անգամ եմ լսում այդ տեղեկությունը, չեմ կարող հիմա ինչ-որ բան ասել: Չգիտեմ, բարեկամ ասելը լայն հասկացողություն է:

-Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ Արմեն Հարությունյանն իր «դվայուրըդնի» քրոջ տղան է:

-Անլուրջ կլինի, եթե ես հիմա սկսեմ դատողություններ անել, չեմ տիրապետում խնդրին, առաջին անգամ լսեցի այն, ինչ-որ ասեցիք:

-Լավ, առաջին անգամ եք լսել, արդեն գիտեք, թե ինչ խնդիր է առաջացել, գոնե կարո՞ղ եք ասել, թե այս իրավիճակում ինչ լուծում է առաջարկում ՄԻԵԴ-ը:

-Ախր, քանի որ իմ հարցի պատասխանը ուղիղ կապվելու է այն փաստական հանգամանքների հետ, որը Դուք նշեցիք, դեպքին չեմ տիրապետում, հետեւաբար, շատ հնարավոր է՝ հիմա Ձեզ մի բան պատասխանեմ, որը, եթե Դուք համադրեք կոնկրետ այդ դեպքի հետ, լրիվ ուրիշ լուծում դուրս կգա:

-Մոռանանք, որ մարզպետի հետ կապված այսպիսի դեպք կա: Հասարակ քաղաքացին դիմում Է ՄԻԵԴ, եւ պարզվում է, որ ում դեմ նա բողոքում է, դատավորին բարեկամ է: Ի՞նչ կանոնակարգ ունի ՄԻԵԴ-ը:

-Ախր, այդպես չի լինի ես անկեղծ եմ ասում կոմպետենտ չի լինի որեւէ բան ասել:

-Իսկ միգուցե վախենո՞ւմ եք:

-Չէ, բացարձակ որեւէ մտավախություն չկա, պարզապես առաջին անգամ լսեցի, եւ քանի որ հարցը կապվում է կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների հետ, եթե դատողություն անեմ, Դուք պետք է ինքներդ համադրեք դրան: Իսկ ես հանգամանքներին չեմ տիրապետում, չեմ կարող լուծումը կանխատեսել:

-Եթե Դուք վախենո՞ւմ եք համադրելուց, մենք դա չենք անի, այս դեպքում կարո՞ղ եք խոսել:

-Չեմ կարող պատասխանել, քանի որ առաջին անգամ լսեցի:
Ինչպես նկատում եք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցչի՝ Գեւորգ Կոստանյանի տեղակալ Արման Թաթոյանին կաշկանդել էր Սյունիքի մարզպետի գործոնը:

Վերջինս իրավիճակից դուրս գալու եւ վախը թաքցնելու համար ընդամենը պետք է նշեր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28 պրիմ հոդվածի 2 մասի ա կետով դատավորը ինքնաբացարկ պետք է հայտնի եւ չմասնակցի գործի քննությանը, եթե ունի շահագրգռվածություն գործում կամ ազգակցական մասնագիտական կապ կողմերից մեկի հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս