«Հայաստանի ձայն»-ից հետո պիկը դժվար է պահել. Մելինե Գալոյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է հետաքրքրվել այն հայտնիների ճակատագրով, որոնք ժամանակին հաջողության են հասել իրենց ոլորտում, ինչ-որ պահի անգամ «բում»-ի հեղինակ են դարձել, սակայն հետո կորել են հանդիսատեսի տեսադաշտից:
Այս անգամ հերթը «Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի դարձած գյումրեցի երգչուհի Մելինե Գալոյանինն է: 17-ամյա Մելինեն «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այժմ սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայում, ջազ-վոկալ բաժնի առաջին կուրսում:

1

«Հատուկ ուզեցել եմ ընդունվել Երեւանի կոնսերվատորիա, եկա մայրաքաղաք, քանի որ այստեղի հնարավորություններն ավելի մեծ են»,-ասաց նա:
Մելինեն նշեց, որ մրցույթից հետո էլ շարունակվում է իր եւ մարզչի` երգիչ Հայկոյի համագործակցությունը. «Շուտով լսարանը կունկնդրի մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Նոր երգը, որի վրա աշխատում ենք, գրել է հենց Հայկոն: Մինչեւ տարեվերջ այն կներկայացնենք երկրպագուների դատին: Կարծում եմ` հետագայում երգը կունենա նաեւ իր տեսահոլովակը»,-տեղեկացրեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք ինչ-որ պահի մեծ ճանաչման հասնելուց հետո դժվար չէ այդ նշաձողը պահելը, երգչուհին պատասխանեց. «Այո՛, այդ պիկը, որին հասնում ես, շատ դժվար է պահել. պետք է անընդհատ կապի մեջ լինես հանդիսատեսի հետ: Նշեմ, որ ես բազմիցս մասնակցել եմ համերգների, օրինակ` Քաջարանում, Կապանում, վերջերս էլ Գյումրու օրվան նվիրված համերգին»: Իսկ արդյոք սկսնակներին համերգներում երգելու դիմաց տրվող հոնորարը ցածր չէ. այս հարցին ի պատասխան՝ Մելինեն նշեց. «Այո՛, կա նման բան: Բայց հիմա ինձ համար առաջնային խնդիրը վճարը չէ, թեեւ դա էլ է պետք: Պարզապես հարկավոր է լինել աշխատասեր, ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում»:

2

Անդրադառնալով որեւէ երաժշտական նախագծի շրջանակներում կրկին հայտնվելու հեռանկարին` Մելինեն ասաց. «Հայաստանում` ոչ, իսկ արտերկրում` հնարավոր է»:
Նա նաեւ նշեց, որ թեեւ ակումբներում դեռ չի երգում, սակայն արդեն դրանցում հանդես գալու առաջարկներ ունի, որոնցից մեկը մի օր հաստատ ընդունելու է. մտադիր է երգել սոուլ, ջազ, բլյուզ ժանրերի երգեր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս