Ժիրայր Դադասյանը զբաղվում է ինքնագործունեությամբ, նա չգիտի` մնջախաղն ինչ է. Ստեփան Շահինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Ստեփան Շահինյանը, ով աշխատել է Երեւանի մնջախաղի պետական, «Մետրո», Հ. Մալյանի անվան թատրոններում, իսկ այժմ արդեն` Է. Էլբակյանի անվան խամաճիկների պետական թատրոնում, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ մի շարք ֆիլմերից եւ սերիալներից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր մնջախաղի պետական թատրոնի ներկայացումները շեղվել են մնջախաղի արվեստի կանոններից, մնջախաղը, իր ձեւակերպմամբ, վերածվել է ռեբուսի:

-Պարո՛ն Շահինյան, վերջին շրջանում Ձեզ էկրաններին չենք տեսնում, ինչո՞ւ: Այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Հիմա աշխատում եմ Է. Էլբակյանի անվան խամաճիկների պետական թատրոնում, բացի այդ` մի մանկական թատերական ստուդիա ունեմ` «Արփի» անունով, այնտեղ բեմադրություններ եմ անում, դերասանական խմբի ղեկավարն եմ: Նաեւ դերասանի վարպետություն եւ մնջախաղ եմ դասավանդում Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Ի դեպ, մի գիրք եմ գրում մնջախաղի արվեստի մասին:

-Ձեր գիրքը մնջախաղի հայ արվեստի՞ն է վերաբերում:

-Ո՛չ, այն, ինչ այսօր մեզ մոտ մնջախաղի արվեստի ոլորտում է տիրում, լրիվ դուրս է մնջախաղի կանոններից, ուստի այդ մասին ես չեմ կարող գրել. գրում են մի բանի մասին, որը որոշակի կանոններ ունի: Մնջախաղը ռեբուս չէ, որ գուշակես: Երբ նայում ես մնջախաղի խոշոր վարպետներին, հասկանում ես, թե ինչ են ուզում ասել, ինչի մասին են «խոսում», իսկ այսօրվա բեմադրությունները դիտելիս չես հասկանում` ով ինչ է ուզում ասել… Այդ շեղումը վաղուց է սկսվել, արդեն ավելի քան տասը տարի է:

-Իսկ մենք մնջախաղի դպրոց ունեցե՞լ ենք, հիմա ունե՞նք:

-Ժամանակին, այո՛, ունեցել ենք, եւ որեւէ մեկի համար այնտեղ հանելուկներ չեն եղել. հանդիսատեսը եկել է, դիտել է, հասկացել է` ինչ է դիտում: Եթե այդ ավանդույթները պահպանվեին, լավ կլիներ. մնջախաղն առաջին հերթին պետք է լինի հասկանալի: Տարիներ առաջ, երբ մենք էինք խաղում, ներկայացումների 1 ռուբլիանոց տոմսը 10 ռուբլով գնողներ կային: Իմ համոզմամբ` թատրոնի խնդիրը մարդկանց ավելի լավը դարձնելն է, իսկ այսօր ինչ-որ սեփական խնդիրներ են լուծվում: Մի գործ են անում` ցուցակում «ծիտիկ» դնելու համար:

-Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մատուցած ներկայացումները չե՞ք հավանում, գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի դպրոցը Ձեզ չի՞ գոհացնում:

-Դա դպրոց չէ, Դադասյանն էլ ինքնագործունեությամբ է զբաղվում, նա չգիտի` մնջախաղն ինչ է, ինչ ժառանգել է` կիսատ-պռատ, թերի, դա էլ ներկայացնում է: Ու քանի որ մասնագետներ չկան, ազատ դաշտ է ստեղծվել, վերլուծական միտք էլ չկա, որ թատերագետները մանրամասն քննարկեն ներկայացումները, ասեն` ախպեր ջա՛ն, էս որ էս ինչ բանն անում ես, էս ի՞նչ ես անում, մի հատ բացատրի… Հաճախ ինքն էլ չի կարող բացատրել:

Շատ-շատ ասի` Փարաջանովը ոնց էր անում, ես էլ եմ այդպես անում. թաքնվել Փարաջանովի հետեում ու դատարկ հանդիսասրահներում ելույթ ունենալ. ես դա չեմ հասկանում: Հետո էլ որ Հայաստանը դրսում ներկայացնեն, այնտեղ պետք է ասեն` էս ի՞նչ է Հայաստանի մնջախաղի վիճակը… Ու քանի որ գործից հասկացող մարդ առանձնապես չկա, լայն դաշտ է ստեղծվել, նա էլ իր գործն անում է: Դրա հետ մեկտեղ էլ Արվեստի վաստակավոր գործչի կոչում է ստանում… Ես զարմանում եմ…

-Իսկ Դուք փորձե՞լ եք պարոն Դադասյանի հետ բանավեճի մեջ մտնել, կարծիքներով փոխանակվել:

-Չենք բանավիճել, ես մոտավորապես 7 տարի առաջ առաջարկեցի բեմադրություն անել, հրավիրեցի մեր տուն, ասացի, որ ուզում եմ բեմադրել «Ծիծաղելի մարդու երազը» (Դոստոեւսկի), ասաց` չէ, առանց որեւէ պատճառաբանության…Դե, ինքը վախկոտ մարդ է…

-Իսկ գուցե Ձեր մասնագիտական որակնե՞րը չեն բավարարել:

-Ո՛չ, պատճառը վախն էր: Կենդանական վախը: Վախ այն բանից, որ հանկարծ կարող էր ներկայացումը լավ ստացվել, խումբը կարող էր թեքվել իմ կողմ, կամ ինչո՞ւ լիներ, ավելի լավ չէր` չլիներ, հանգիստ ապրեին: Մի բան էլ ասեմ. ժամանակին` 90-ականներին, թատերական ինստիտուտում ես իմ կուրսն ունեի` մնջախաղի կուրսը, հետո ինքը ճկուն կերպով իմ կուրսը ձեռքիցս վերցրեց: Իր մորաքրոջ ամուսինը ղարաբաղցի պաշտոնյա էր, երեւի ղարաբաղյան գործոնն աշխատեց…

Դրանից հետո այդ կուրսից մի ուսանող դուրս չի եկել, որ ասես` այ սա այդ կուրսի ուսանող է…Երանի Սոս Սարգսյանը կենդանի լիներ, մոտենայի, ասեի` սա՞ է Ձեր բերած կադրը, որ փոխարինեց ինձ…Գոնե մի արժանավոր փոխարինող լիներ, ասեի` հա…

-Իսկ Դուք չե՞ք ուզում նոր խումբ, գուցե նաեւ` ստուդիա բացել…

-Դա փող արժե: Պետության հովանավորչությունն էլ բացարձակ չեմ ակնկալում: Ես ստեղծել էի շատ լավ խումբ, 94-95թթ. , երբ կոլապսային վիճակ էր, խմբի երեխեքին ասացի` գնացեք. այլեւս հնարավոր չէր նրանց պահել… Էդ երեխեքը մտան մնջախաղի թատրոն, հենց Դադասյանը եղավ ղեկավար, բոլորին հեռացրեց` Մարինե Գաբրիելյանին, Նարե Հայկազյանին եւ այլն. ոմանք գնացին արտերկիր, խումբը ցրվեց: Դրա համար էլ հերթական անգամ այդ դոնկիխոտությունը չեմ անի…

-Հիմա Ձեր մեջ, այսպես ասած, եռացող գաղափարներ կա՞ն:

-Հիմա կուզեմ դրսում բեմադրություն անել, որ փող աշխատեմ… Այդպիսի գաղափարներ չկան, կաթսայի տակի կրակը հանգել է…Հատկապես, երբ ունենում ես երեխաներ, արդեն գումար աշխատելու մասին մտածելը դառնում է անխուսափելի…

Աննա Բաբաջանյան




Լրահոս