Ռուսաստանը ելնում է իր ազգային շահերից. Համլետ Հարությունյանը` սահմանի վիճակի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը զինադադարի կնքումից հետո միշտ էլ դիմում է նման քայլերի, հասկացնում է, որ պատերազմը չի ավարտվել և իրենք պահանջատեր են: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը:

«Դրա համար իրենք դիմում են այդ դիվերսիաներին, ռմբակոծություններին: Գնալով ավելի ընդգրկուն է դառնում ծանր զինատեսակների օգտագործումը», – հավելեց պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավորին նաև մտահոգում է այն հանգամանքը, որ լարված է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլև` հայ-ադրբեջանական սահմանը և դա էլ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ: Պատգամավորի խոսքով`  ՀԱՊԿ-ն ամբողջությամբ չի կատարում իր լիազորությունները:

«Բազմաթիվ տարբերակներ կան Ադրբեջանի վրա ազդելու: Դրանցից մեկը զենքի վաճառքի իսպառ բացակայությունն է, դիվանագիտական կանալներով ճնշումներն են և այլ մեխանիզմներ կան, որ կարելի է զսպաշապիկ հագցնել Ադրբեջանին: Միջպետական հարաբերությունների ստորջրյա խութերը շատ են և այստեղ Ռուսաստանը, որը ՀԱՊԿ ամենախոշոր անդամն է, ելնում է իր ազգային շահերից և իր վալյուտային պաշարները հիմնականում լրացնում է զենքի վաճառքից», – հավելեց Համլետ Հարությունյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս