ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) և 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։
Այսպես.
1. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես`Hetq .am ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված “Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում” վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ կազմվել արձանագրություն։
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
2. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 18.02.13թ. հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով:
Կատարվում է նախաքննություն։
3. ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Մասնավորապես, 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14։25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից: Կատարվում է նախաքննություն։
Ահազանգերի, ստացված հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: