Թբիլիսիի կենդանաբանական այգի 150 նոր կենդանի է բերվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի կենդանաբանական այգին սկսել է իր աշխատանքները` ավերիչ ջրհեղեղից հետո: Այս մասին լրագրողներին հայտարարել է այգու տնօրեն Զուրաբ Գուրիլիձեն, փոխանցում է Lenta.ru-ն` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

«Ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգին կորցրել է 277 կենդանի, դա շատ մեծ թիվ է»,- հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

«Դրանք կենդանաբանական այգու ամենահետաքրքիր կենդանիներից էին, որոնք գրավում էին այցելուների ուշադրությունը: Նրանց թվում կային սպիտակ առյուծներ, կապիկներ, որոնք, ցավոք, բոլորը սատկել են: Չնայած դրան, մեզ մոտ մնացել են հետաքրքիր կենդանիներ, որոնց կրկին կարելի է տեսնել: Դա սպիտակ ռնգեղջյուրն է, ընձառյուծները և այլն»,- ասել է նա:

Կենդանաբանական այգու տնօրենը պատմել է նաև, որ մինչև 2016 թվականի գարուն կենդանաբանական այգի է նախատեսվում բերել մոտ 150 նոր կենդանի:

Հաղորդվում է, որ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել նոր կենդանաբանական այգի կառուցել Թբիլիսիում, որն իր տարածքով ինն անգամ կգերազանցի ներկայիս կենդանաբանական այգու տարածքը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով ամբողջովին ոչնչացվել էր կենդանաբանական այգու ստորին հատվածը, 600 կենդանիներից կենդանի են մնացել կեսից քիչը: Ջրհեղեղի ժամանակ զոհվել էր 19 մարդ, երեքը համարվում են անհետ կորած:




Լրահոս